Իմ հավատքի վկայությունը

 

1988 թ.-ին մեր` Հայաստանում եղած մեծ երկրաշարժի ժամանակ ես, տեսնելով այդ ամենը, դառնացած և զայրացած ասացի.

 Աստված չկա, եթե Աստված լիներ, ապա իմ ազգն այս դառնությունը չպետք է տեսներ. առանց այդ էլ թուրքերը մեր գլխին շատ բան են բերել: Իմ այդ խոսքերից հետո անցել էր մոտավորապես երեք ամիս, և ես տեսա մի երազ, որն իմ կյանքը լիովին փոխեց:

Շատ խավար գիշեր էր, մեկ էլ հանկարծ երկնքից մի լույս ծագեց ինձ վրա, և ես մնացի այդ լույսի մեջ: Այդ լույսն ուրիշ լույս էր, շա՜տ-շա՜տ պայծառ էր: Այդպիսի լույս ես երկրի վրա երբեք չեմ տեսել: Գիշերվա ժամը երեքն էր, ես արթնացա (կարծես կինոժապավենից մի հատված լիներ), արթնացրի ամուսնուս և պատմեցի իրեն, նա ինձ ասաց.

 Դե լա՜վ, քնիր:

Բայց իմ քունն այլևս չէր տանում. ես մտածում էի այդ երազի մասին: Այդ երազից հետո Աստված սկսեց ինձ հետ աշխատել: Ես տեսնում էի տարբեր երազներ, և իմ երազներն իրականում կատարվում էին այնպես, ինչպես որ ես տեսնում էի: Օրինակ` ես տեսա Սովետական միության փլուզումը, Գորբաչովի առևանգումը, երբ հանգստանում էր, Անգլիայի թագուհու` Դիանայի մահը, ԱՄՆ-ի վրա կատարված մուսուլմանական հարձակումը և բազում ուրիշ երազներ:

Մի օր էլ ես գնացել էի խանութ գնումների և ուզում էի գնել բոլորովին այլ բան, մեկ էլ տեսա Հիսուսի նկարներից մեկը: Մոտավորապես տասը րոպե ես չէի կարողանում իմ աչքերն այդ նկարից հեռացնել. որոշեցի այդ նկարն անպայման գնել: Ամուսինս շատ զարմացավ, երբ իմ ձեռքում այդ նկարը տեսավ և հարցրեց, թե ինչու եմ գնել, ես էլ պատասխանեցի, որ ուզում եմ Հիսուսի նկարն իմ տանն ունենալ: Դրանից հետո ամեն կիրակի տանը` նկարի առջև, մոմ էի վառում ըստ հայկական սովորության ( հիմա ես Կենդանի Աստծոն եմ աղոթում):

Մի որոշ ժամանակ անց իմ մեջ Աստվածաշունչը գնելու և կարդալու ցանկություն առաջացավ: Ես գնացի հատուկ շուկա, որտեղ ամեն ինչ վաճառվում էր, և շատ թանկ գնով գնեցի Աստվածաշունչը, բերեցի տուն և սկսեցի կարդալ Հին կտակարանը: Մի քանի էջ կարդալուց հետո փակեցի` ինքս ինձ ասելով. Ես սրա ժամանակը չունեմ, և գիրքը դրի մի կողմի վրա: Այդ Ժամանակ` 1990-ական թվականներին, սկսվեցին Ադրբեջանի ու Արցախի հարցերը, սահմանային մասերում արդեն կռիվներ սկսվեցին, Ադրբեջանը սկսեց շրջափակումը, էլեկրտրաէներգիան սահմանափակ ժամով էր մատակարարվում, գնալով երկրի վիճակը վատթարանում էր, մանավանդ, որ երկիրը երկրաշարժից դեռ ուշքի չէր եկել: Սովետական միությունը փլուզվեց, կռիվն սկսվեց:

Մեր վիճակն ավելի վատացավ, երբ ես ցած ընկա և վնասեցի իմ կոնքազդրը: Ըստ բժիշկների` ես արհեստական կոնքի կարիք ունեի, իսկ Հայաստանում նման վիրահատություն չէր կատարվում, որովհետև արհեստական պրոթեզներ չկային: Ամուսինս զինվորական էր, և մենք զինվորական թաղամասում էինք ապրում: Նրա և իր ղեկավարի միջև հարցեր առաջացան. վերջինս ցանկանում էր կաշառակերության ճանապարհով գործն առաջ տանել: Ամուսինս այդ քայլին չգնաց, և նրան հեռացրին աշխատանքից: 1993 թ.-ին մեր ընտանիքը իմ վիրահատության համար որոշեց գնալ Գերմանիա, շատ դժվարություններից հետո մեզ հաջողվեց Գերմանիա մեկնել և ապաստան խնդրել: Մենք ընտանիքով գտնվում էինք փախստականների ճամբարում: Շատ վատ պայմաններ էին այնտեղ. մոտավորապես քսանյոթից երեսուն ազգությունների մարդիկ էին ապրում, ամբողջ օրը կռիվներ էին լինում, և մարդիկ իրար էին ծեծում:

Օրերից մի օր մի միսիոներական մեքենա եկավ և մեզ Աստվածաշունչ բաժանեց (քանի որ ես Հայաստանում Աստծո հետ գործ չէի ուզում ունենալ, իմ Աստվածաշունչը նվիրել էի իմ ընկերուհուն): Ես ուշ հասա միսիոներների մոտ, և ինձ չհասավ Աստվածաշունչ, ու այդ մարդիկ խոստացան ինձ համար ուղարկել: Օրերից մի օր ես ստացա մի փոքրիկ ծանրոց, գնալով իմ սենյակ` բացեցի այդ ծանրոցը և մեջը տեսա Նամակ մը քեզ համար գրքույկը և Աստվածաշունչը:

Կարդացի այդ գրքույկի տողերը.

Ինչ լավ է` քեզ համար նամակ կա այսօր: Այն մի մեծ նամակ է, այնքան մեծ, որ քեզ համար անկարելի է դրա ընթերցումն այսօր վերջացնել: Այն հստակ հասցեագրված է քեզ և շատ հեռվից է գալիս, արտասահմանից:

Չինաստանի՞ց կամ Ավստրալիայի՞ց:

Շա՜տ ավելի հեռվից .....:

Լա՛վ, ասեմ` որտեղից է գալիս քո նամակը:

Այն գալիս է մի երկրից, որտեղ գիշեր երբեք չկա, որտեղ բժշկի, հիվանդանոցի կամ գերեզմանոցի կարիք չկա, որտեղ հավիտենական տոնակատարություն է տոնվում:

Քանի որ ես հիվանդ էի, այս տողերը յուրահատուկ ձևով դիպան իմ սրտին:

Այս նամակը գալիս է երկնային երկրից:

Այն ո՞ր քաղաքից է:

Երկնային Երուսաղեմից:

Ո՞րն է փողոցի անունը:

Ոսկե փողոց:

Ո՞ր տունը:

Հոր տունը` բազմաթիվ առանձնասենյակներով:

Ի՞նչ է ուղարկողի անունը:

ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԱՍՏՎԱԾ:

Նա գիտի քեզ, Նա սիրում է քեզ:

Նա քեզ մի երկար ու հիանալի նամակ գրելու նեղությունն է կրում:

Նա ճշտորեն գիտի, թե որտեղ ես ապրում, և այս նամակն անձնապես քեզ է հասցեագրված:

Երբ որ ես կարդացի այսքան մասը, ես սկսեցի լացել, արցունքներս հոսում էին իմ աչքերից` ինչպես հորդառատ գետը, և ես չէի կարողանում ինձ զսպել: Հիմա է, որ հասկանում եմ` դրանք ապաշխարության արցունքներ էին: Մի քանի րոպե անցնելուց հետո ես հանգստացա և ձեռքս վերցնելով Աստվածաշունչը` մեծ սիրով բացեցի ու սկսեցի որոշ էջեր կարդալ:

Այս բանից հետո Գերմանիայում բժշկական ստուգումները ցույց տվեցին իմ ոտքի հիվանդության լրջության աստիճանը: Երբ բժիշկներն ինձ ասացին` իմ վիճակը շատ ավելի ծանր է, քան մենք ենք պատկերացնում, առաջին անգամ ես լուրջ մտածեցի և վախեցա մահից: Այդ ժամանակ իմ երեխաները շատ փոքր էին և, ինչպես ասացի, մենք գտնվում էինք արտասահմանում` հեռու հարազատներից, բարեկամներից, մենմենակ օտարության մեջ: Բժիշկների մոտից դուրս գալուց հետո ես, տուն հասնելով, մահանալու վախն աչքիս առաջ, սկսեցի լաց լինել և առաջին անգամն էր, որ խնդրեցի Աստծուն ինձ օգնել, մինչև որ երեխաներիս մեծացնեմ:

Մոտավորապես քսաներեսուն րոպե վախեցած լաց լինելուց հետո, իմ վրա իջավ մի խաղաղություն, և վախն ընդհանրապես հեռացավ ինձնից մինչև հիմա: Այդ նույն գիշեր ես տեսա մի հետաքրքիր երազ. կարծես երկնքում շատ հրեշտակներ էին թռչում, և մի հրեշտակ բերեց ու ինձ մոտ թողեց մի արհեստական` պրոթեզից կոնք և գնաց: Բժիշկները որոշեցին առաջին անգամ առանց պրոթեզի վիրահատել:

Ես, երեք ու կես ամիս մեջքի վրա պառկած, առաջին անգամ սկսեցի Աստվածաշունչը կարդալ (Հայաստանում ասում էի` ժամանակ չունեմ, հիմա հիվանդանոցում ես արդեն ժամանակ ունեմ): Աստվածաշունչը մի քանի անգամ կարդալուց հետո շատ բաներ ես սովորեցի.

1. Այն ժամանակ, որ ես ասացի` ինչու Աստված երկրաշարժ արեց, և իմ ազգի մարդիկ մահացան ու անտուն մնացին, դա Աստծուց չէր (մենք գիտենք, որ գոյություն ունեն նաև սատանա, պիղծ ոգիներ, որոնք այս աշխարհում կռիվների, մահվան, հիվանդությունների և բոլոր վատ բաների ետևում են կանգնած (Եփես.6 .ԳԼ. ԽՈ.12. .12 որովհետև մեր պատերազմը մարմնի և արյունի հետ չէ, այլ այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ:),  ընդհակառակը, Աստված մեր սիրո համար իր Միածին Որդուն աշխարհ ուղարկեց` մեզ փրկելու, ազատելու, բժշկելու և մեր մեղքերը իր վրա վերցնելու համար:

2. Աստված ուզում է, որ մենք խաղաղ ապրենք` առանց կռվի, սիրենք և հարգենք իրար....:

3. Եվ հավիտենական կյանք ունենանք` հավատալով Հիսուս Քրիստոսին, որ մեր մեղքերի համար մահացավ և հարություն առավ:

4. Աստվածաշունչը կարդալով` մենք կկարողանանք մեր կյանքի համար շա՜տ-շա՜տ բաներ սովորել:

5. Հիսուսը մեզ հետ իր սուրբ արյունով հավիտենական ուխտ կնքեց, այս կարևոր բանը մենք չպետք է մոռանանք:

Այս կետերի շարք երբեք չի վերջանա, և յուրաքանչյուրն ինքը կարող է կարդալ և իր համար գտնել նոր կետեր:

Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ վիրահատությունը անհաջող անցավ: 1995 թվից մինչև 2003 թվականը ես մնացի հենակների հույսին, մոտավորապես մեկ տարի էլ` անդամալույծի սայլակի վրա: Բժիշկներն ասացին, որ իմ ամբողջ կյանքի ընթացքում ես այլևս ինքնուրույն չեմ կարողանա քայլել, և ամեն վեց ամիսը մեկ ցավազրկող դեղորայք էին ներարկում (cortisone):

Օրերից մի օր մի երազ տեսա. մի տղամարդ ու մի կին մարդկանց երկու հատ Աստվածաշունչ էին առաջարկում, ոչ ոք չվերցրեց, ինձ էլ առաջարկեցին, և ես վերցրի ու շատ ուրախացա: Անցավ որոշ ժամանակ, և ես իրականում հանդիպեցի այդ մարդկանց: Մոտիկից ծանոթանալուց հետո պարզվեց, որ իրենք էլ հավատացյալներ են ԱՄՆ-ից, նրանք տեսան, որ ես հավատում եմ Աստծոն (Աստվածաշունչը կարդալուց հետո ես հավատքի էի եկել): Ինձ հարց տվեցին` ես կհավատամ արդյոք, որ Աստված կկարողանա ինձ բժշկել, և ես անկեղծ ասացի` այո՛: Այդ երեկո իրենք ինձ համար աղոթեցին, և գիշերվա մի ժամի ես զգացի իմ հիվանդ ոտքի վիրահատված մասում մի յուրահատուկ շարժում մոտավորապես 30 րոպեի չափով:

Դա ինձ համար անսովոր բան էր (կարծես ինչ-որ մեկն աշխատանք էր անում իմ այդ հիվանդ օրգաններում, և դա կատարվում էր առանց ցավի):

Հաջորդ օրն արդեն ես բժշկված էի և որոշեցի արդեն առանց հենակների քայլել` չնայած ամուսինս և երեխաներս չէին հավատում և չէին ընդունում իմ բժշկված լինելը: Ես պնդեցի, որ դա իմ որոշումն է, և ես առանց հենակների կքայլեմ, որովհետև ստացել եմ Աստծուց բժշկություն:

Անցավ մեկ ու կես ամիս, և ցավերը ետ վերադարձան, նորից իմ ընտանիքի անդամները պնդեցին, որ ես հենակներով քայլեմ, բայց ես հրաժարվեցի, քանի որ Աստվածաշնչից գիտեի սատանայի փորձությունների մասին և երկու շաբաթ շատ սարսափելի ցավերին դիմադրելուց հետո, ինչպես ցավերը հայտնվել էին, այնպես էլ անցան մինչև այսօր: Եթե ցավերի` հետ վերադառնալու ժամանակ ես նորից իմ ձեռքը վերցնեի հենակները ու հենակներով քայլեի, ապա իմ վստահությունն Աստծո բժշկության նկատմամբ չէր լինի, և ես մինչև իմ կյանքի վերջն էլ կմնայի հենակների հույսին:

Դրանից հետո Աստված իր բազմաթիվ շնորհքներից ինձ տվեց, ես ստացա նաև Սուրբ Հոգու կնունքը մի եկեղեցական հավաքույթի ժամանակ. նորից այդ ԱՄՆ-ից եկած ամուսիններն էին անցկացնում` Էմբա և Բրենդոն Գրեենները: Իմ Սուրբ Հոգու կնունքը նման էր Գործք Առաքելոց ԳԼ.2:2-րդ.Խ-ին: 2. Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն`սաստիկ հողմից եկած ձայնի նման, և իմ մարմինն սկսեց շարժել, ու ես աղոթեցի. Աստվա՛ծ ջան, տար ամբողջ աշխարհի մարդկանց ապաշխարության, թո՛ղ բոլորը Քո Աստվածային արքայությունը տեսնեն: Այդ իմ Սուրբ Հոգու կնունքն ստանալու պահին, իմ մեջ մեծ փոփոխություն եղավ. իմ սրտում սեր առաջացավ աշխարհի բոլոր մարդկանց նկատմամբ (նույնիսկ մուսուլմանների, որոնց ես ատում էի բառիս ամենալայն իմաստով. ինձ թվում է, որ բոլոր հայերը գիտեն` ինչու, նաև աշխարհը գիտի), այդ սերը Աստծո ագապ-սերն է, որ գալով մարդու մեջ` փոխում է այդ անձին և նրա մեջ սեր է առաջացնում նույնիսկ իր թշնամու նկատմամբ:

Այս ամենից հետո Աստված ինձ տվեց մարդկանց ապաշխարության բերելու, բժշկելու, քարոզելու, ոտանավորներ, երգեր, աղոթքներ գրելու շնորհքը, որը ծառայում է իր փառքի համար: Եվ հիմա ես նաև շա՜տ-շա՜տ մուսուլմանների հետ եմ կատարում այդ աշխատանքը, և նրանք, ընդունելով Հիսուսին, ապաշխարում են: Եվ ուզում եմ Հիսուսի այս խոսքը մեջ բերել (Մաթեոս 5.ԳԼ-ԽՔ.16). Թո՛ղ այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը ու փառավորեն ձեր ՀՈՐԸ, որ երկնքում է: ՓԱ՛ՌՔ ԻՐԵՆ` ԻՐ ՄԵԾ ՇՆՈՐՀՔԻ ԵՎ ԱՆՎԱՆ ՀԱՄԱՐ:

 

Զոյա Ասլանյան