Նշանավոր մեր ներկա դարը

 

Քսաներորդ դարը բացառիկ դար մըն է, ու պատմության մեջ ան պիտի մնայ բացառիկ: Այս եզակի դարուն մեջ էր որ աննախընթաց երկու համաշխարհային պատերազմները տեղի ունեցան, որոնց պիտի յաջորդէ պատմության մեջ տակավին չարձանագրված ամենամեծ համաշխարհային պատերազմը:

Տեղի ունեցած երկու մեծ պատերազմները փոխեցին աշխարհի քարտեզը, ժողովուրդներու դիմագիծը, մարդոց վարմունքը և ապրելակերպը: Աշխարհեն առնուեցավ խաղաղությունը և պետություններու իրարու հանդեպ ունեցած վստահությունը: Մարդկությունը միշտ ապրեցավ նոր պատերազմի մը մղձավանջին մեջ: Եթե արդիական զենքերով մինչեվ ատամները զինված, կազմ ու պատրաստ բանակներ գործի չձեռնարկեցին, ջիղերու պատերազմը և ապագայի վախերն ու անվստահությունը հարկադրեցին պետությունները և իրենց հպատակները որ միշտ իրենք զիրենք անապահով զգան, ու ամեն գնով շարունակել զինվել: Անվստահություն կա մեծերու խոստումներուն և բարձր աստիճանի ժողովներուն հանդեպ: Քանի՜ քանի՜ անգամներ՝ խաղաղության սիրույն՝ մեծ ու փոքր ազգեր զինաթափութենէ ճառեցին, սահմանափակումներ որոշեցին, բայց մեկ զենք իսկ դուրս չնետեցին: Զինագործարանները գիշեր ու ցերեկ աշխատեցան: Զենքի վաճառքը բոլոր չափանիշները կոտրեց: Ոչ մեկ խոստում կամ ստորագրություն հարգվեցավ: Ազգեր նենգությամբ իրար դավեցին: Ինչպես գրված է մեկ սեղանի վրա սուտ պիտի խոսին: Այսօր մեծ ու փոքր ազգեր ծանր տուրքերով անհաշիվ գումարներ կըհատկացնեն մեծ և ավելի վտանգավոր ռումբեր շինելու և քաղաքներ կամ երկրներ վարկենապես կործանելու համար:

Նույնպես՝ նշանավոր այս դարուն մեջ էր որ դասակարգային պայքարը մեծ համեմատություն առավ: Չսպասված հեղաշրջումներ տեղի ունեցան: Մեծ ու փոքր գերի ժողովուրդներ ազատագրվեցան: Անսպասելի նոր պետություններ մեջտեղ եկան որոնց մեջ պետական հարվածներ իրար հաջորդեցին: Բոլոր երկրներու մեջ ընկերային սուր պայքարները իրենց ներքին խաղաղությունը վրդովեցրին: Ամեն կողմ երեվան եկան ցույցեր, պոռթկումներ, դժգոհության բարձրացող ալիքներ, ոճրագործություններ, եղբայրասպանություններ ու գաղտնի դավադրություններ, որոնցմէ վարաքվեցան և անել կացության մատնուեցան բոլոր ազգերը:

Նմանապես այս դարուն մեջ էր որ գաղափարապաշտությունը ծնավ մարդապաշտությունը որ մարդկության աղետ դարձավ, որոնք անխնա դարձան մարդկային կյանքին՝ նույնիսկ իրենց երկրպագուներուն: Շատեր եղան հեղաշրջումներեն դժգոհ՝ նոր ծայրահեղ կարգերու հետամուտ եղան: Մոռցան զԱստված, առանց հիշելու թէ Աստծո ձգած պարապը մարդը լեցնելու անկարող է: Իր կիրքերուն ենթակա, փառասեր, անձնասեր, անուղիղ ու մեղավոր հում մարդուն վրա վստահություն չըլլար: Ան այսօր կը սիրէ և վաղը կատե, մեկ օր կապրեցնե և հաջորդ օրը կը մեռցնե: Ի վաղուց Աստծո խոսքը ազդարարած է Ետ կեցեք մարդեն, անիկա ի՞նչ բանի մեջ հաստատ է, կամ վստահելի է :

Քսաներորդ դարը գիտության և լույսի դարն է: Ոչ մեկ դարու մեջ մարդկությունը այսքան արագությամբ գիտական խոյանքներ ու նվաճումներ կատարած է: Անջրպետը այլևս գաղտնիքներ չունի քանի որ ներկայիս անոր մեջ թափանցելը սովորական դարձած է: Շնորհիվ մարդուն հնարամտության, արտադրվեցան մտքի արագությունը գերազանցող մեքենաներ: Ձայնասփյուռի և հեռատեսիլի նման հանճարեղ գյուտեր: Լեռներ ու բլուրներ հեղաշրջող հուժկու մեքենաներ: Երկրներ ու քաղաքներ հիմնահատակ ընող ինքնամուղ ռումբեր: Իսկ բժշկական մարզեն ներս մինչեվ այժմ անծանոթ նոր վարկածներ: Հրաշքի համազոր գործողություններ ու դարմանումներ, շողարձակումներ ու մարդակազմության նոր գյուտեր, որոնց շնորհիվ մարդկային կյանքը տասը տարի կերկարի:

Բայց գիտությունն ալ, առանց Աստծո վախին մարդկության գլխուն փորձանք կդառնա: Ան կարգ մը բաներու մեջ կյանքի պայմանները դյուրացնելու միջոց եղավ: Սակայն նույնքան ալ գիտական որոնումները և արտադրություններ առանց Աստծո վախին գործածուեցան ու պիտի գործ ածուին ալ մարդկությունը շահագործելու, զայն դժբախտացնելու և անոր գլխուն աղետ դառնալու համար:

Ափսոս, գիտության և առաջադիմության այս մեր դարուն մեջ էր որ աննախընթաց քստմնելի բարբարոսություններ, ցեղասպանություններ, եղբայրասպանություններ և անասանելի անիրավություններ տեղի ունեցան ու դեռ կը շարունակուին, քաղաքակրթված ազգերու հայտնի կամ գաղտնի մեղսակցությամբ:

Աստծո վախը սուրբ է որ մարդուն կսանձե, զայն կազնվացնե և արդարության շավիղներուն կառաջնորդե: Վերցուր Աստծո վախը մարդեն, ան քաղաքակրթության վերարկուին տակ կդառնա գազան:

Քսաներորդ դարը նաև անհավատության և Աստծո դեմ ըմբոստության դարն է: Ոչ մեկ դարուն մեջ քրիստոնյա ժողովուրդներ այսքան անհավատ և անկրօն դարձած են, ներառյալ իր համար մարտիրոսներու սերունդ հայ ժողովուրդը: Ներկայումս Աստված մոռացված և դուրս դրված է սրտերէն, տուներէն, առեվտրական գործերէն ու քաղաքական ծրագրներէն: Նաև մոռացված ու ծալված մեկ կողմ դրված է Աստվածաշունչ մատյանը: Պարպուած են եկեղեցիները ու հաճույքի օր դարձած է սուրբ օրը կիրակին: Նույնպես իրենց իմաստը կորցրել են և կերուխումի և հաճույքի օր դարձած են, տօնական մեծ և արժեքավոր օրերը: Լեցուն են սրճարանները, պարասրահները և այլ հաճույքի վայրեր ու մարզադաշտերը: Ամեն ոք սուտ ու փուչ խոսքեր լսելու և կամ խոսելու տրամադիր է: Բայց խոսե Աստծո մասին, զԱյն ժամավրեպ սեպելով, որպես անպետք բան՝ լսելու ժամանակ չունեն: Բուն Տանտերը՝ Աստված արտաքսված է և Անոր տեղը սատանան բազմած: Այսօրվա ապականությունները և բարոյական սարսափելի անկումը անհավատության հետեվանքն ու ծնունդն են:

Բայց Աստված գոյութենե չի դադարիլ եթե մարդիկ Զինք ուրանան: Անոր ծրագիրները չեն խափանվիր: Ամենամեծ անհավատն ալ պատասխանատվութենե չի կրնար խուսափիլ: Ոչ մեկ անձ իր գործած ծածուկ կամ հայտնի մեղքերեն չպիտի հաջողի խույս տալ կամ զանոնք ուրանալ, երբ Աստծո առջև ներկայանա:

Անհավատությունը բան մը չունի մարդուն տալու, բայց միայն ազատօրեն մեղք գործելու: Մեղքը որ մարդը Աստուծմե կը հեռացնե և կը գերեվարե, մինչև որ զայն դժոխքի դռները հասցնե:

Քսաներորդ դարը համաշխարհային ծայրահեղության դարն է: Այժմ զարգացած երկրներու մեջ բարոյական և չափավորության ամեն թումբերը քանդված են: Չկա հարգանք մեծի հանդեպ, ոչ ալ ամոթ փոքրի առջև: Շատեր կորցրին ամօթխածության ամեն զգացում: Ինչ որ երեկ ամօթալի էր՝ այսօր սովորական է դարձած: Ինչ որ անմարդավայել ու այպանելի էր՝ այսօր ժողովրդական է: Ծայրահեղությունը ամենուրեք է: Հագուստ կապուստի, արդուզարդի մսխումներուն մեջ, ամօթալի մերկություններ ծովափներու վրա, կապիկներու կերպարանք դերասաններու մոտ: Նույնպես նորահաս սերունդը ապականող և գայթակղեցնող կիսամերկ սիրուըտուքներ հեռատեսիլի պաստառներուն վրա: Նամանավանդ պժգանք ներշնչող միասեռականութեան աճումը և օրինականացումը: Ալ չըսենք գրական մարզին և դպրոցներե ներս սերունդներ թունավորող և ապականող գրքերը, պարբերաթերթերը, ծաղրանկարները և անպարկեշտ պատկերները, որոնք սերունդներ կապականեն, ընտանիքներ կքանդեն և անհավատարմություն կբազմապատկեն:

Յո՞ երթաս, քաղաքակրթված և անաստուծ մարդկություն, Աստված մոռնալով դեռ ի՞նչ անվայել ծայրահեղություններու կրնաս ենթարկուիլ: Ալ ի՞նչու պատմության մեջ փնտրենք Սոդոմը և Գոմորը: Արդեն անոր մեջ կապրինք:

Քսաներորդ դարը Փրկության Ավետարանին աշխարհածավալ քարոզության դարն է: Ոչ մեկ դարուն մեջ հակառակ մեր ժամանակներու անփութկոտության և աստվածամերժ վիճակին, Փրկության Ավետարանը այսքան առատությամբ ու պարզությամբ անհատներու, ազգերու և լեզուներու հասկանալի քարոզված կամ վկայված է: Մարդիկ եկեղեցի չեն երթար, Աստված մարդոց ոտքը իջած է ու կոչ կընե ըսելով Տերը փնտրեցեք, քանի որ Անիկա կգտնուի, Զանիկա կանչեցեք, քանի որ Անիկա մոտ է, թող անբարիշտը իր ճամբայեն և անօրեն մարդը իր խորհուրդներեն հրաժարվի ու Տիրոջը դառնա և Անիկա պիտի ողորմի անոր: Այս ժամանակին մեջ ո՞վ կրնա ըսել որ ինքը լսած չէ Տիրոջ ազդարարությունները կամ անտեղյակ է իր հոգու փրկության առնչութեամբ:

Ներկայիս Քրիստոսի մարգարեական պատգամը կը կատարվի ըսելով Գնացեք փողոցները ու ցանքերը և ով որ գտնեք հարսանիքի հրավիրեցեք: Բայց Աստծո այս հորդառատ սերը միշտ պիտի չտեվէ: Մոտ է այն օրը որ Աստծո ողորմության և հարսանիքի դռները պիտի փակվեն: Փրկության Ավետարանի քարոզությունը պիտի դադարի: Այնժամ շատեր աղիողորմ ձայնով պիտի աղաղակեն Տեր, Տեր, բաց դուռը մեզ համար, սակայն մտիկ ընող պիտի չըլլա: Աստված արհամարողներուն և Զայն մերժողներուն կորուստը ահարկու պիտի ըլլա:

Քսաներորդ դարը մարգարեությունների կատարման դարն է: Ոչ մեկ դարուն մեջ մարգարեներու կանխատեսությունները այսքան հստակ և հասկանալի կերպով գործադրված են: Նույնպես ոչ մեկ ժամանակի մեջ Քրիստոսի երկրորդ գալստյան շուրջ այսքան փաստացի ազդարարություններ և վկայություն եղած են: Աստված զարմանալի կերպով Իր անկեղծ ծառաներուն Ահա շուտով կուգամ տեսիլքն ու վկայությունը տված է, որպիսզի ամեն ոք գիտենա թէ վերջին լուրջ օրերու մեջ կապրինք: Եթե նկատի առնենք ներկա դարուս գաղափարական պայքարը, ընկերային հեղաշրջումները, երկիրներու ալեկոծությունները, արեվելքի և արևմուտքի հակամարտությունը, եվրոպական միությունը, Իսրայելի քաղաքական բեմի վրա երեվնալը, համայն աշխարհի բարոյական անկումն ու ապականությունները, անհավտության ծավալումը և բոլոր մոլոր ու սուտ վարդապետությունները որոնք Ավետարանի ճշմարտությունները կխաթարեն և Քրիստոսը կուրանան: Ալ չենք կասկածիր թէ վերջին օրերուն մեջ կապրինք: Ինչ որ մարգարեներ, առաքեալներ և նույն Ինքն Քրիստոս օրինակներով և պատկերներով և պարզ քարոզություններով նախաձայնած են:

Այս բոլոր ըսվածները ոչ երևակայություն են և ոչ ալ մտքի խաբկանք: Աստծո խոսքին անսուտ ճշմարտություններն են: Երանի անոնց որ աչքեր ունին տեսնելու և ականջներ լսելու ու կըպատրաստվին Փառաց Թագավորը դիմավորելու:

Քսաներորդ դարը համանման է Նոյի դարուն: Կրնանք ըսել թէ Նոյան դարը քիչ տարբերությամբ նախաջրհեղեղյան քսաներորդ դարն էր: Հին աշխարհի փառքի և առաջադիմության դարը: Մարդկանց երկարատև կյանքն ու փորձառությունները ով գիտե ի՜նչ գիտական նվաճումներ ու զարգացումներ արձանագրած էին: Սակայն ջրհեղեղը զանոնք ամբողջովին փչացրեց, առանց հետք մը թողնելու: Նույնպես այժմ Աստված ներկա մեղավոր քաղաքակրթությունը իր բոլոր գյուտերով հանդերձ երկնային կրակով մոխրակույտի պիտի վերածի: Նոյան դարու զարգացած մարդկությունը ազատ ապրելու և իր ստորին կիրքերուն գոհացում տալու համար անաստված դարձավ: Անհավատության ծածուկ ակը՝ ազատ ապրելու և ազատությունը չարաչար գործածելու շարժառիթն է: Ի սկզբանե մարդկությունը իր կույր վազքեն սանձահարողը Աստծո վախն է: Անսանձ ձի մը իր խելագար արշավին մեջ անկասկած թավալգլոր պիտի տապալի իր հեծյալին, ինչպես պատահեց Նոյան ջրհեղեղի շրջանի մարդկությանը:

Ահա թէ ինչ կվկայե Աստծո խոսքը Նոյի դարու աստվածուրաց մարդկության: Երկիր ապականվեցավ և անիրավությամբ լցվեցավ և Աստված երկրի վրա նայեցավ, և ահա ապականված էր: Որովհետև երկրի վրա ամեն մարմին իր ճամբան ապականած էր: Ծննդոց Զ 12: Տեր Հիսուս ալ կվկայե այն դարուն մարդոց կյանքի նպատակի մասին խոսելով՝ Կուտեին, կխմեին, կին կառնեյին, կամուսնալուծվեյին, կշինեյին, կտնկեյին, այն աստիճան մեղքի նյութապաշտության մեջ խորասուզված էին, որ անուշադիր դարձան Աստծո շնորհած վերջին յոթը օրվան պատեհության, և կենդանիներու զույգ զույգ տապան մտնելու ազդու վկայության: Նույնպես անփույթ եղան Նոյի սրտառուչ կոչերուն, զայն ցնորածի տեղ դնելով, մինչև որ Աստծո համբերությունը սպառեցավ ու տապանին դուռը ետևեն փակեց, ալ չբանալու պայմանով: Աստված այս անդարմանելի վճիռը գործադրեց հարյուր տարի համբերելուց հետո:

Նույնն է պատկերը մեր ներկա դարու պատմության: