Սեպտեմբեր            Հոկտեմբեր            Նոյեմբեր

 

            Դեկտեմբեր

 

 

 

 

 

 

Սեպտեմբերի 1                                                                                                              

Քենեթ Քոփլանդ

Հաստատակամությունը արդյունք է տալիս

«Ասում եմ ձեզ, եթե վեր էլ  չկենա և նրան տա նրա բարեկամ լինելու համար, սակայն նրա թախանձանքի համար վեր կկենա և կտա նրան ինչ որ պետք լինի»:

Ղուկասի 11:8

Եթե  Տիմոթեոսի առաջին  թղթի 2:4-ում Աստված մեզ ասում է, թե կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն, ուրեմն ինչո՞ւ  չենք տեսնում կորած մարդկանց բազմություններ ամեն օր վերստին ծնվելիս: Երբևէ մտածե՞լ ես այս մասին: Ես մտածել եմ...երբ դրա համար Աստծո երեսն էի փնտրում, հասկացա, որ հիմնականում մարդկանց բազմությունները վերստին չեն ծնվում, քանի որ մենք մշտապես չենք աղոթում չփրկվածների համար: Փոխանակ հաստատակամություն ցուցաբերենք և Հոր առջև գանք ու աղոթենք, որ նրանք փրկության հացը ստանան, ինչպես Ղուկասի 11:8-ում այն մարդն իր բարեկամի համար արեց, մենք, երբ անմիջապես արդյունք չենք տեսնում, հանձնվում ու գնում ենք տուն:
Մենք մի  բան չենք հասկանում. բարեխոսության մեջ հաստատակամությունը հաջողության բանալին է:
Ինչո՞ւ: Անշուշտ ոչ Աստծո միտքը փոխելու համար: Նա երբեք չի փոխվում: Նրա խորհուրդները հաստատուն են: Աստված ցանկանում է, որ բոլոր մարդիկ փրկվեն: Բարեխոսության մեջ պետք է  համառ լինես, որպեսզի ճնշում գործադրես դիվային ուժերի վրա, որոնք փոձում են խոչնդոտել Աստծո կամքի իրագործումը: Այդ ուժերը պետք է քանդվեն աղոթքի միջոցով, որպեսզի այդ բերդերը քանդվեն և հոգևոր աչքակապերը հեռացվեն այն մարդկանց հոգևոր աչքերից, որոնց համար աղոթում ենք:
Հասկանո՞ւմ ես, Աստված մարդկանց կամքին հակառակ չի գործում: Բայց Նա կօգտագործի քո բարեխոսությունը Իրեն հայտնելու համար: Քո համառ աղոթքների միջոցով Աստված նրանց կբերի այն գիտակցությանը, որ իրենք Աստծո կարիքն ունեն: Հետո այդ մարդիկ կձգտեն դեպի Աստված, և հոգևոր վերածնունդ տեղի կունենա:
Եթե նստած սպասում ես, որ Աստված կփրկի հորաքույր Մերիին կամ Հակոբ քեռուն կամ քո լավագույն ընկերոջը, ուրեմն այլևս մի՛ նստիր: Վե՛ր  կաց և սկսի՛ր բարեխոսել նրանց համար: Համառությամբ աղոթի՛ր: Աղոթի՛ր Եփեսացիների 1:16-23-ի աղոթքը նրանց համար և հրաժարվի՛ր հանձնվելու մտքից, մինչև որ նրանք ապահովությամբ մտնեն Աստծո թագավորության մեջ:
Հիսուսն արդեն Իր կյանքը տվել է, որպեսզի նրանք փրկվեն: Հարցն այն է, թե դու քոնը կտա՞ս...

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ղուկասի 11:1-10

Սեպտեմբերի 2

Քենեթ  Քոփլանդ 

Գնա՛ հայտնության գիտության ետևից

«Շնորհք և խաղաղություն շատանա ձեզ վրա Աստծո և մեր Տեր Հիսուսի գիտությունով»:

Բ Պետրոսի1:2

Եթե այս աստվծաշնչյան խոսքում օգտագործված «գիտություն» թարգմանված հունարեն բառը քննեինք, կտեսնեինք, որ այն ավելին է նշանակում, քան ինչ-որ բանի մտավոր հասկացողություն, քան ինչ-որ գիտելիք, որը կարելի է զգայարանների միջոցով ձեռք բերել: Այն նշանակում է անմիջական գիտություն: Գիտություն, որը հայտնվել է անմիջապես քո սրտին Աստծո Հոգու միջոցով: Ես դա անվանում եմ «հայտնության գիտություն»:
Այդպիսի գիտության պակասը, որքան ես գիտեմ, ամենից շատն է պատճառ եղել հավատքի անհաջողությունների համար: Պատճառն այն է, որ քրիստոնյաներից շատերը  Խոսքին իրենց մտքով են հավատում, բայց այնքան չեն մտածում դրա շուրջ, որպեսզի դրա «լույսը ծագի» նաև իրենց սրտերում: Եթե մտածեին, այդ Խոսքը անպայման կհեղափոխեր նրանց կյանքերը: Ոչ մի բան այս երկրում և երկնքում չէր կարող բաժանել նրանց այդ հայտնությունից:
Ես ճանաչում եմ մի այրի կնոջ, որը մի առավոտ նմանատիպ հայտնություն ստացավ և ամուր բռնեց այն: Նա սկսեց խորհել այդ խոսքի շուրջ, որն ասում էր. «Եթե դու այրի ես, ուրեմն Ամենակարող Աստված կզբաղեցնի քո տան մատակարարի և առաջնորդի դերը»:
Այդ կինը մի քիչ խղճում էր ինքն իրեն: Բայց երբ այդ հայտնությունը ստացավ, որ հիմա Աստված է իր ընտանիքի գլուխը, սկսեց Տիրոջ հետ խոսել, ինչպես իր ամուսնու հետ կխոսեր:
Նա ասում էր. «Տե՛ր, լսի՛ր, թե ինչ եմ ասում, մեր տան ջրի խողովակները բանի պետք չեն: Խնդրում եմ, կնորոգե՞ս»: Այդ պահից սկսած՝ նա այլևս իր ջրի խողովակների հետ ոչ մի խնդիր չուներ:
Եթե Աստծուց ինչ-որ բան ես ուզում, որոշի՛ր վարվել այնպես, ինչպես այդ այրի կինն արեց: Որոշի՛ր, որ կխորհես Խոսքի շուրջ, մինչև որ նմանատիպ հայտնություն ստանաս: Թող Խոսքը միշտ քո աչքի առաջ լինի, մինչև հայտնություն ստանաս, որ Հիսուսը քո Բժիշկն է կամ քո Փրկիչը կամ քո ֆինանսիստը կամ ինչ որ ցանկանում ես, որ Նա լինի: Մ՛ի համակերպվիր Նրա մասին սահմանափակ գիտությունով: Ավելի խոր հայտնություն ստացի՛ր, Նրա շնորհքը կշատանա քեզ վրա:

ԱՍՏԱՎԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Սաղմոս 1

Սեպտեմբերի 3

Քենեթ Քոփլանդ

Աստծո երկիրը

«Այն բաները, որ կարելի չեն մարդկանց մոտ, կարելի են Աստծո մոտ»:

            Ղուկասի 18:27

Հենց հիմա ես ու դու մեր ազգի մեջ կանգնած ենք մի իրավիճակի առջև, որը պետք է փոխվի: Կան իրավիճակներ, որոնք ամբողջովին անհնարին են թվում: Կան անհնարին թվացող իրավիճակներ, որոնք բոլորովին էլ այդպես չեն: Որովհետև այս երկիրը Աստծուն է պատկանում:
Աստված է ստեղծել Ամերիկայի Միացյալ Նահանգները: Նա հատուկ նպատակ ունի այս պետության համար: Աստված կարիք ուներ մի երկրի, որտեղ հնարավոր կլիներ Ավետարանը ազատ քարոզել առանց ճնշումների:
Աստված էր, որ Քրիստափոր Կոլումբոսի սիրտը բորբոքեց և նրա մեջ մի երազանք դրեց՝ գծել արևմուտք հասնելու մի նոր ուղի: Կոլումբոսը իր հուշամատյաններից մեկում գրում է. «Տերն էր, որ իմ մտքում դրեց այստեղից գնալ Հնդկաստան: Ես զգում էի, որ Նրա ձեռքն ինձ վրա էր: Բոլոր նրանք, ովքեր լսում էին ինձ, ծիծաղելով հերքում էին դա: Նրանք ծաղրում էին ինձ: Բայց կասկած չկար, որ այդ ներշնչանքը Սուրբ Հոգուց էր, քանի որ Նա մխիթարում էր ինձ Սուրբ գրքի հիասքանչ ոգեշնչող շողերով»:
Ո՞վ Քրիստափոր Կոլումբոսին Ամերիկա բերեց: Աստված: Սա Աստծո ազգն է: Նա է բարձրացրել այս ազգը, և ոչ մի բան չի կարող հեռացնել այս ազգը Աստծուց:
Հաջորդ անգամ, երբ նորից գայթակղություն լինի այս ազգի իրավիճակներին նայելու որպես անհնարինի, հիշի՛ր, թե այն ում է պատկանում: Եվ դրանից հետո դու էլ Քրիստափոր Կոլումբոսի նման կարող ես հայտնաբերել Ամերիկան՝ հավատքով:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Սաղմոս 106

Սեպտեմբերի 4

Գլորիա Քոփլանդ

Թող Աստված փառավորվի

«Եվ երբ որ Հիսուսը դուրս եկավ... գթաց նրանց վրա և բժշկեց նրանց հիվանդներին: Եվ շատ ժողովուրդներ եկան Նրա մոտ, որոնք իրենց հետ ունեին կաղեր, կույրեր, համրեր, հաշմանդամներ և ուրիշ շատեր, և նրանց գցեցին Հիսուսի ոտները, և Նա նրանց բժշկեց: Մինչև որ ժողովուրդները զարմանում էին՝ տեսնելով համրերին խոսելիս, հաշմանդամներին առողջ, կաղերին գնալիս և կույրերին տեսնելիս, փառավորեցին Իսրայելի Աստծուն»:

Մատթեոսի 14:14, 15, 30, 31

Կրոնական ավանդույթներն ասում են, որ Աստված փառավորվում է, երբ վսեմորեն կրում ենք հիվանդության և ցավերի տառապանքը: Բայց Աստվածաշունչը նման բան չի ասում: Այն ասում է, որ Աստված փառավորվում է, երբ կույրը տեսնում է, կաղը քայլում է, և անդամալույծը առողջանում է:
Հնդկաստանում կամ Աֆրիկայում մարդիկ նման կրոնական ավանդույթներին ծանոթ չեն: Երբ ինչ-որ մեկը կանգնում և հայտարարում է՝ «Ես եկել եմ ձեզ մոտ որպես Բարձրյալ Աստծո պատգամաբեր», մարդիկ հավատում են նրա խոսքերին: Երբ նրանք լսում են, որ Հիսուսը Թագավորների Թագավորն է, որ Նա թափել է Իր արյունը նրանց համար, որ Աստված Իր պատգամաբերին է ուղարկել, որ ասի, թե այսօր կազատի իրենց մեղքից, հիվանդությունից և մահից, նրանք ուրախանում են: Նրանք չեն վիճում Աստծո Խոսքի հետ: Ու գիտե՞ս, թե ինչ է կատարվում:
Մարդիկ սկսում են բժշկվել: Մարդիկ սկսում են մի կողմ նետել իրենց հենակները և քանդել վիրակապերը: Երբ սովորենք այդպես լսել Աստծո Խոսքը, նույն բանը կկատարվի մեզ հետ: Աստված աչառ չէ: Նրա Խոսքը գործում է բոլորի համար: Տարբերությունն այն է, թե ինչպես ենք մենք ընդունում այն:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Գործք առաքելոց 17:1-11

Սեպտեմբերի 5

Քենեթ Քոփլանդ

Սկսի՛ր հավատքի խոսքեր ասել

«Սրտի ավելացածից է բերանը խոսում: Բարի մարդն իր սրտի բարի գանձից բարիքներ է հանում, և չար մարդը չար գանձից չար բաներ է հանում»:

Մատթեոսի 12:34, 35

Խոսքերը առանց հավատքի օգուտ չունեն, նույնպես և հավատքը՝ առանց խոսքերի: Որպեսզի հավատքի օրենքը գործի, այդ երկու գործոններն էլ անհրաժեշտ են:
Շատ հավատացիալներ դա չեն հասկանում: Նրանք շարունակ կասկածանքի և անհավատության խոսքեր են ասում, հետո մի օր վեր են կենում, մի քանի հավատքի խոսք ասում ու անհամբեր սպասում են, որ լեռները ուր որ է տեղաշարժվելու են, և շփոթվում են, որ ոչ մի լեռ տեղից չի շարժվում:
Իսկ ինչո՞ւ ոչինչ տեղի չի ունենում:
Որովհետև Մատթեոսի 12:34, 35-ն ասում է, որ սրտից դուրս եկած խոսքերն են արդյունք տալիս: Այն մարդը, ով պարզապես ժամանակ առ ժամանակ մի քանի հավատքի խոսք է արտաբերում, նա իր սրտի ավելցուկից չի խոսում, ուստի դրանք արդյունավետ չեն լինում:
Ի՞նչ է, դա նշանակում է, որ այլևս չպե՞տք է հավատքի խոսքեր ասես, մինչև համոզված չլինես, որ կարող ես հավատքով ասել դրանք:
Ո՛չ: Հավատքի խոսքեր ասելը հոգևոր լավ գործ է: Եթե, օրինակ, ցանկանում ես հավատքով բժշկություն ստանալ, թող քո միտքը և քո շուրթերը կենտրոնանան այն Խոսքերի վրա, որոնք վերաբերում են քո առողջությանը: Փոխարենը ասելու, թե ինչ ահավոր ես քեզ զգում, ասա Եսայի 53:5-ը: Ասա. «Հիսուսը իմ մեղքերի համար վիրավորվեց և իմ անօրենությունների համար հարվածվեց, իմ խաղաղության պատիժը Նրա վրա եղավ, և Նրա վերքերով ես բժշկված եմ»:
Եթե շարունակես խորհել այս խոսքերի շուրջ և շարունակես ասել դրանք, դրա ճշմարտությունը կսկսի նստվածք թողնել քո մեջ: Դրանք կսկսեն արմատներ գցել քո սրտում և աճել: Եվ արդյունքում իրոք կսկսես քո սրտի ավելցուկից ասել:
Երբ դա կատարվի, նշանակություն չի ունենա, թե ինչպիսին կլինեն իրավիճակները: Դու կիմանաս, որ ունես այն, ինչին հավատում ես, և սատանան չի կարող մոլորեցնել քեզ՝ ուրիշ բաներ ասելով: Դու հույսից կանցնես հավատքի և կտեսնես, թե ինչպես են սարերը շարժվում:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Մատթեոսի 12:33-37

Սեպտեմբերի 6

Քենեթ Քոփլանդ

Ճնշումների տա՞կ ես: Սերմի՛ր

«Մի՛ խաբվեք. Աստված չի ծաղրվում: Որովհետև ինչ որ մարդը սերմի, այն էլ կհնձի»:

         Գաղատացիների 6:7, 8

Եթե զգում ես, որ վերջերս ճնշումների տակ ես, ուրեմն մենակ չես: Սատանան առավել քան երբևէ մարդկանց վրա ավելի ու ավելի շատ ճնշումներ է գործադրում: Նա ճնշում է մեզ հոգեբանորեն, ֆինանսապես, զգացմունքներով և շատ ուրիշ բաներով, ինչով որ կարող է: Ճնշումներն այնքան են շատացել, որ կառավարությունները չգիտեն, թե ինչ անեն: Գործարար ոլորտում էլ չգիտեն ինչ անել: Ընտանիքներն էլ չգիտեն: Եկեղեցիները նույնպես:
Բայց, փառք Աստծուն, Հիսուսը գիտի: Նա ասում է, որ ինչպիսի ճնշումներ էլ սատանան բերի, մենք կարող ենք սերմելու միջոցով դուրս գալ այդ իրավիճակից:
Սերմելը միշտ Հիսուսի լուծումն է եղել: Երբ կարիք կա, Նա սերմ է ցանում: Իրականում Մարկոսի 4-րդ գլխում Նա համեմատում է ամբողջ Աստծո արքայությունը մեկ սերմի հետ: Մի պահ մտածիր սերմերի կարևորության մասին: Երկրագնդում գոյություն ունեցող ամեն մի կենդանի արարած սերմից է կյանք առնում: Դու սերմից ես ծնվել: Հետո վերստին ծնվել ես Աստծո Խոսքի սերմից: Հիսուսն Ինքը Սերմ էր՝ տնկված Աստծո կողմից: Աստված Նրան ցանեց որպես զոհ: Նա ծնունդ առավ և պտուղ բերեց շատ եղբայրներ ու քույրեր:
Ուստի, երբ սատանան քեզ վրա ճնշումներ բերի, գնա՛ Հիսուսի մոտ և լսի՛ր, թե ինչպես և որտեղ է պետք ցանել: Եթե դու դա անես, այդ սերմը կաճի և այնպես կմեծանա, մինչև որ կքանդի խավարի և պակասության ուժերը: Այն կազատի քեզ այն ճնշումներից, որոնք սատանան բերում է քեզ վրա:
Ես նման օրինակներ տեսել եմ: Երբ Ջերրի Սավելը առաջին անգամ սկսեց աշխատել իմ ծառայությունում, նա միայն մեկ կոստյում, մեկ վարնաշապիկ և մի զույգ լայն տաբատ ուներ: Նա մի օր մեկն էր հագնում, հետո՝ մյուսը, ու այդպես ամեն օր մեր բոլոր ծառայություններին: Նա գումար չուներ, որ նոր կոստյում գնելու մասին մտածեր: Անկեղծ եմ ասում, հագուստի հարցում նա մեծ ճնշման տակ էր:
Հետո նա իմացավ «սերմ, հավատք և հունձք» սկզբունքի մասին: Նա գնաց քաղաքի կենտրոն, որտեղ մենք հավաքույթ էինք անցկացնում, և փողոցում գտավ մի տղայի, ով հագուստի կարիք ուներ և մի քանի հագուստ տվեց նրան: Մարդիկ անմիջապես սկսեցին Ջերրիին հագուստներ տալ: Դա սկսվեց այդ հավաքույթի ժամանակ, և այդ օրվանից դա շարունակվում է: Այսօր Աֆրիկայում շատ քարոզիչներ կան, ովքեր հագնում են Ջերրի Սավելի կոստյումները (անգամ եթե պիջակի թևքերը և տաբատը շատ կարճ են): Նա շարունակում է ցանել և հավաքել հագուստների լավագույն բերքը, որը ես երբևէ տեսել եմ:
Եթե սատանան ճնշում է քեզ, խուճապի մի՛ մատնվիր: Ցանի՛ր: Ցանի՛ր քո գումարները: Ցանի՛ր քո հագուստները, որ հագնում ես: Եվ երբ քո բերքն աճի, դու կարող ես ծիծաղել և ասել. «Է՛յ, սատանա՛, հիմա ո՞վ է ճնշումների տակ»:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Մարկոսի 4:1-20

Սեպտեմբերի 7

Քենեթ Քոփլանդ

Անսպասելիորեն հարստանալ

«Ապա եթե դուք Քրիստոսինն եք, ուրեմն Աբրահամի զավակ եք և խոստմունքի համեմատ ժառանգներ»:

Գաղատացիների 3:29

Աղքատությունը այն խնդիրներից մեկն էր, որի մեջ էի տարիներ շարունակ: Բայց ես շատ լավ եմ հիշում այն օրը, երբ ասացի, որ այլևս աղքատ չեմ լինելու: Ես Աստվածաշնչում կարդում էի այն հատվածը, որտեղ ասվում է, որ Աբրահամի օրհնությունները մեզ վրա են գալիս Հիսուս Քրիստոսի միջոցով (Գաղատ. 3:14): Հետո կարդացի 29-րդ խոսքը, որն ասում է. «Ապա եթե դուք Քրիստոսինն եք, Աբրահամի զավակ եք և ԽՈՍՏՄՈՒՆՔԻ ՀԱՄԵՄԱՏ ԺԱՌԱՆԳՆԵՐ»:
Ես բացեցի Երկրորդ օրինաց 28-րդ գլուխը և սկսեցի տող առ տող կարդալ այդ խոստացված օրհնությունները: «Քաղաքի մեջ օրհնյալ, դաշտի մեջ օրհնյալ կլինես: Օրհնյալ կլինես մտնելիս և օրհնյալ կլինես դուրս գալիս: Օրհնյալ կլինես գոմերում, օրհնյալ կլինես դաշտերում, օրհնյալ կլինի քո ձեռքի գործը»: Լսի՛ր, ես միանգամից հարստացա:
Ես դպրոց էի հաճախում Օկլահոմայի Թուլսա քաղաքում և ապրում էի մի փոքրիկ նկուղային տանը, որտեղ ոչ ոք չէր ցանկանա ապրել: Բայց երբ կարդացի այդ խոստումները Աստծո Խոսքում, իմ աչքերը բացվեցին: Ես հասկացա, որ Աստված արդեն փրկել է ինձ աղքատության անեծքից:
Այդ օրը իմ ննջասենյակում ձեռքս առա իմ Աստվածաշունչը և ասացի. «Ես ցանկանում եմ հայտարարել Ամենակարող Աստծուն, Քրիստոս Հիսուս Նազովրեցուն, երկնքի բոլոր հրեշտակներին, դժոխքի բոլոր դևերին և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են լսել, որ այս օրվանից իմ կարիքները լրացվելու են Աստծո փառավոր հարստության չափով Քրիստոս Հիսուսում»:
Ես ասացի Նրան. «Ես կանգնում եմ Քո Խոսքի վրա և սպասում եմ, որ հոգ տանես ինձ համար: Ես երբեք մարդուց ոչ մի գրոշ չեմ խնդրելու»:
Դա շատ տարիներ առաջ էր, և այդպես էլ եղել է: Գիտե՞ս, թե ինչու: Որովհետև այդ որոշումը կապեց ինձ Աստծո զորության հետ: Դա նույնը կանի նաև քեզ համար:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Երկրորդ
օրինաց 28:1-3

Սեպտեմբերի 8

Քենեթ Քոփլանդ

Սերմդ ցանի՛ր, ու հետևի՛ր, թե ինչպես է այն աճում

«Եվ ասում էր. «Ինչի՞ նմանեցնենք Աստծո արքայությունը կամ ի՞նչ առակով առակի բերենք նրան: Այն նման է մանանեխի հատի, որ երբ հողի մեջ սերմվում է, երկրիս վրա ամեն սերմերից փոքրն է: Եվ երբ սերմվում է, բուսնում է և ամեն բանջարից ավելի մեծ է լինում և մեծ ճյուղեր է արձակում, մինչև որ կարողանում են երկնքի թռչունները նրա հովանիի տակ բնակվել»:

Մարկոսի 4:30-32

Հիսուսը Աստծո արքայության գործերը համեմատում է այս երկրի վրա սերմ ցանելու հետ: Նա ասում է. «Երբ որ սերմը սերմվում է, բուսնում է...»:
Ուշադրությո՛ւն դարձրու, որ Հիսուսը չի ասում, թե այն երբեմն աճում է, կամ էլ այն աճում է, եթե դա Աստծո կամքն է: Նա ասում է. «Այն բուսնում է և... ավելի մեծ է լինում»: Վերջակետ:
Աստծո տնտեսությունը նման չէ մեր տնտեսությանը: Այն մի օր վերելք, մի օր անկում չի ապրում: Այն միշտ նույնն է և միշտ կատարյալ ձևով է գործում: Եթե քո հողը, սերմը և ջուրը բարի են, ուրեմն դու կաճես: Դա անխուսափելի է:
Իսկ եթե դու կանգնած ես ինչ-որ մի կարիքի առաջ, խուճապի մի՛ մատնվիր... սե՛րմ ցանիր:
Սերմը, որը կարող ես տալ, կարող է լինել գումարի, ժամանակի կամ մեկ այլ ձևով: Բայց, անկախ նրա ձևից, անպայման կյա՛նք դիր դրա մեջ: Տո՛ւր հավատքով՝ շրջապատելով այն փառաբանությամբ և երկրպագությամբ: Ասա՛. «Տե՛ր, բերելով իմ ունեցածը Քեզ՝ ես ինձ եմ բերել: Ես իմ անձը՝ հոգիս, շունչս և մարմինս, Քեզ եմ տալիս»:
Աղոթի՛ր այդ սերմի համար: Լցրո՛ւ այն հավատքով, երկրպագությամբ և Խոսքով: Հետո ցանի՛ր այն: Եվ կարող ես հանգիստ լինել. այն կբուսնի և ավելի մեծ կլինի:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ծննդոց
1:11-31

Սեպտեմբերի 9

Գլորիա Քոփլանդ

Օգտագործի՛ր քո իրավունքները

«Բայց Նա մեր մեղքերի համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց, մեր խաղաղության պատիժը Նրա վրա եղավ, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք»:

Եսայի 53:5

Հիսուսը եկավ աշխարհ և Իր Անձը մեղքի համար զոհեց, որպեսզի քեզ համար ետ գնի այն ամենը, ինչ Ադամը կորցրել էր: Նա եկավ քանդելու սատանայի բոլոր գործերը... հիվանդությունն ու ցավերը ներառյալ: Երբ Նրան ընդունում ես որպես քո կյանքի Տեր, բոլոր այն իրավունքները և արտոնությունները, որոնք ի սկզբանե Աստված նախասահմանել էր քեզ համար (Աստծո հետ հաղորդակցվելու իրավունքը, առողջության և բարգավաճման իրավունքը), վերականգնվում են:
Բայց միայն դու կարող ես կիրառել այդ իրավունքները:
Գիտե՞ս, սատանան անօրենի մեկն է, և թեև Հիսուսը վերցրել է նրա իշխանությունը, թեև նա ոչ մի օրինական իրավունք չունի սպանելու կամ գողանալու Աստծո զավակներից, միևնույնն է, նա կանի դա, քանի դեռ նրան թույլ տաս:
Դու պետք է ստիպես, որպեսզի նա ընդունի իր պարտությունը՝ հավատքով ասելով Աստծո Խոսքը: Գործի՛ր Նրա Խոսքի համեմատ հենց հիմա: Պահանջի՛ր, որ հիվանդությունն ու ցավերը հենց հիմա հեռանան Հիսուսի անունով: Հետո հրաժարվի՛ր ետ կանգնել քո այդ պահանջից: Հակառակվի՛ր սատանային քո ամբողջ կարողությամբ: Նա գուցե մի քիչ դիմադրություն ցույց տա, բայց վաղ թե ուշ ստիպված կլինի ազատվել քեզանից:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Մատթեոսի
8:1-17

Սեպտեմբերի 10

Գլորիա Քոփլանդ

Նրա մեղմ ձայնը

«Եվ այն օծությունը, որ դուք Նրանից ընդունեցիք, բնակվում է ձեր մեջ, և դուք պետք չունեք, որ մեկը սովորեցնի ձեզ, այլ ինչպես այն օծությունը սովորեցնում է ձեզ ամեն բանի համար, ճշմարիտ էլ է և սուտ չէ»:

Ա Հովհաննեսի 2:27

Երբևէ նկատե՞լ ես, որ դու ինչ-որ բաներ գիտես, թեև նախկինում չես իմացել, թե Աստծո Խոսքն ինչ է ասում դրա մասին: Պատճառն այն է, որ Սուրբ Հոգին քո ներսում սովորեցնում է ճշմարտությունը: Նա խոսում է քո հոգու հետ: Իսկ հետո քո հոգին այդ ամենը փոխանցում է քո մտքին: Եվ հանկարծ դու մի նոր միտք ես ունենում. «Ես պետք է ներեմ այդ մարդուն» կամ «Պետք է վերջ տամ նման անշնորհք բաներ ասելուն»:
Երբ քո ամենօրյա կյանքում ավելի ու ավելի ծանոթանաս Աստծո Հոգու հետ, ավելի արագ կլսես Սուրբ Հոգուն և ավելի արագ կհնազանդվես Նրա ասածներին: Քեզ համար սովորություն կլինի թույլ տալ Ճշմարտության Հոգուն, որ հայտնի քեզ Աստծո կամքը: Եվ, հավատա՛ ինձ, դա այն սովորություններից մեկն է, որ Աստված ցանկանում է՝ ունենաս:
Երբ ես սկսեցի ականջ դնել Նրա խորհուրդներին, առաջին բաներից մեկը, որ Սուրբ Հոգին ինձ ասաց, հետևյալն էր. «Ավելի շատ ժամանակ անցկացրու աղոթքի մեջ»: Հնազանդվելով զարմացա, թե որքան հիանալի է օրական մեկ ժամ անցկացնել աղոթքի մեջ: Դա անելուց հետո Աստված դրա մասին հայտնեց ինձ Իր Խոսքում (Մատթ.26:40):
Այդ օրվանից ես աշխարհի տարբեր մասերում շատ մարդկանց հետ եմ խոսել, և նրանք էլ նույն բանն էին լսել: Հավատացիալները ամենուր լսում են, որ Սուրբ Հոգին առաջնորդում է իրենց ավելի շատ ժամանակ անցկացնել աղոթքի մեջ:
Աստված Սուրբ Հոգին ընդամենը մի քանի քրիստոնյաների չի տվել: Նա բոլորիս է այն տվել: Եվ եթե մենք զգայուն լինենք Նրա ձայնին, Նա կառաջնորդի մեզ դեպի Ճշմարտությունը:
Ապա մտածի՛ր, թե որքան այլ կլինի քո կյանքը, եթե ամեն իրավիճակի համար իմանաս Աստծո Ճշմարտությունը: Դա ցանկություն չի՞ բորբոքում քո մեջ, որ լսես հոգուդ: Այն չի՞ քաջալերում քեզ, որ ավելի ուշադրությամբ լսես Աստծո ասածները:
Սկսի՛ր լսել Նրա մեղմ ձայնը, որը քո ներսում է: Պատվի՛ր Նրան և ուրախությամբ հետևի՛ր Նրա առաջնորդությանը քո ամենօրյա գործերում:
Լսի՛ր Նրա հուշումները և արագ հնազանդվի՛ր: Նա պատրաստ է խոսել քեզ հետ:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հովհաննեսի
15:1-15

Սեպտեմբերի 11

Գլորիա Քոփլանդ

Մի՛ անհանգստացիր

«Տերը ոչնչացնում է հեթանոսների խորհուրդները և փչացնում է ժողովրդի մտածմունքները»:

Սաղմոս 33:10

Գուցե այսօր հայտնվել ես այնպիսի նեղությունների մեջ, որոնք մարդիկ դիտավորյալ են արել՝ քեզ վնաս պատճառելու համար: Նրանք գուցե փորձում են գողանալ քո բիզնեսը, քո տունը, քո երեխաներին կամ էլ ուզում են քանդել քո ամուսնությունը: Եթե այդպես է, ես քաջալերանքի խոսք ունեմ քեզ համար: Ըստ Սաղմոս 33:10-ի՝ Աստված այդպիսի մարդկանց ծրագրերը զրոյի կհավասարեցնի: Նրանց բոլոր դավադրությունները հօդս կցնդեն: Հեթանոսների խորհուրդները կոչնչանան, բայց Տիրոջ խորհուրդը հաստատ է հավիտյան:
Հիշի՛ր սա: Երբ դու Աստծուն քո ապավենն ես անում նեղության ժամանակ, ոչ ոք չի կարող հաղթել քեզ: Նշանակություն չունի, թե որքան հզոր կարող է հակառակորդ կողմը լինել, հաղթելու հավանականությունը քոնն է, որովհետև դու վստահում ես Աստծուն: Նրանք կարող են մտածել, թե առավելություն ունեն, բայց Աստված է քո կողքին, և դա քեզ առավելություն կտա:
Հանգի՛ստ եղիր, դու ի վերջո հաղթելու ես այս նեղությանը: Միևնույն ժամանակ, եթե հաճես Տիրոջ հետ լինել, Նրա սրտի խորհուրդները անդադար կգան քո սրտի մեջ: «Արդարի բերանը իմաստություն է խոսում, և նրա լեզուն իրավունք է զրուցում: Իր Աստծո օրենքը իր սրտում է, նրա քայլերը չեն տատանվի» (Սաղմ. 37:30, 31): Աստծո խորհուրդը քեզ կայունություն կտա, երբ ամբողջ աշխարհը շուրջդ տատանվի: Չար լուրերը չեն կարող գողանալ քո խաղաղությունը: Աստծո խորհուրդները միանգամից վեր կելնեն և թույլ չեն տա, որ այդ չար լուրերը արմատ գցեն քո սրտում:
Թույլ մի՛ տուր, որ անօրենի ժամանակավոր հաջողությունը շփոթության մեջ գցի քեզ: Փոխարենը «արդարին նայի՛ր և ուղիղի՛ն տես, այդպիսի մարդու վերջը խաղաղություն է» (Սաղմ.37:37):

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Սաղմոս
33:1-10

Սեպտեմբերի 12

Քենեթ Քոփլանդ

Փոխի՛ր պատկերը

«Որովհետև հույսով փրկվեցինք, բայց հույսը, որ տեսնվում է, հույս չէ, քանի որ այն բանը, որ մեկը տեսնում է, էլ ինչպե՞ս կհուսա»:

Հռոմեացիների 8:24, 25

Ըստ հռոմեացիներին ուղղված թղթի՝ հույսը մի բանին նայելն է, ինչը չես տեսնում: Իսկ ինչպե՞ս ես դա անում: Դու դա անում ես Աստծո Խոսքի խոստումներին նայելով, մինչև որ հոգուդ աչքերում ձևավորվի այդ պատկերը:
Օրինակ՝ ինձ համար ամենադժվար խնդիրներից մեկը այն փաստն է եղել, որ իմ ներսում ես ինձ ֆիզիկապես գեր էի տեսնում: Որքան էլ փորձում էի փոխել այդ պատկերը, այն չէր հեռանում: Ես միշտ դիետա էի պահում: Տարիների ընթացքում հարյուրավոր կիլոգրամներ եմ կորցրել (և նույնքան էլ նորից հավաքել):
Եվ, ի վերջո, ես պետք է ընդունեի, որ քանի դեռ իմ ներքին պատկերը իմ մասին գեր է, արտաքին պատկերս անպայման կհամապատասխանի դրան: Հիշի՛ր, հավատքն է, որ փոխում է իրավիճակները, և առանց ներքին պատկերի հույսի հավատքը չի կարող գործել:
Ուստի ես որոշեցի յոթ օր ծոմ պահել: Ամբողջ Աստվածաշնչում փնտրեցի ուտելիքի և ուտելու մասին խոսքեր և, հավատացեք, շատ խոսքեր գտա:
Ես սկսեցի խորհել այդ խոսքերից յուրաքանչյուրի շուրջ և յոթ ամբողջ օր աղոթեցի Հոգով: Ի՞նչ էի ես անում: Ես մեկ այլ ներքին պատկեր էի ձևավորում:
Սա մի գիշերվա մեջ չի ստացվում: Սրա համար ժամանակ է հարկավոր: Հատկապես եթե այդ ներքին պատկերդ տարիներով արմատացած է եղել քո ներսում:
Բայց դու կարող ես անել դա: Այսօր վերցրո՛ւ Աստծո Խոսքը և սկսի՛ր փոխել քո ներսում գտնվող պատկերը: Անհուսության պատկերը դարձրո՛ւ հույսի պատկեր: Քո սրտում պատրաստի՛ր այդ պատկերի լուսապատճենը, իսկ քո հավատքը դրա վրա կկառուցի իրական պատկերը:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հռոմեացիների
4:16-21

Սեպտեմբերի 13

Քենեթ Քոփլանդ

Իրական բարեխոսություն

«Եվ տեսավ, որ մարդ չկար, և զարմացավ, որ միջնորդ չկար»:

Եսայի 59:16

Երբ ինչ-որ մեկը վիրավորում է մեզ, առաջինը, որ մարդկայնորեն ցանկանում ենք անել, պատասխան տալն է ու Աստծուն խնդրելն է, որ հաշվեհարդար տեսնի: Բայց սա Աստծո ձևը չէ:
Ես դա հասկացա, երբ մի օր կողոպտեցին իմ բարեկամներից մեկին: Ես մտածում էի և ցանկանում էի լուծում գտնել այդ իրավիճակի համար և հարցնում էի Աստծուն. «Տե՛ր, ինչո՞ւ թույլ տվեցիր, որ նման բան պատահի: Ինչո՞ւ չհարվածեցիր այդ գողի գլխին գողության պահին»:
Հանկարծ Աստված օգնեց ինձ դուրս գալ այդ իրավիճակից և նայել դրան հոգևոր և ոչ թե ֆիզիկական աչքերով:
Այդպես վարվելուց հետո ես իմ հարցի պատասխանը ստացա նույն արագությամբ, ինչ արագությամբ որ տվել էի: Դա եղավ Նրա ողորմության շնորհիվ: Աստծո ողորմությունը շատ, շատ մեծ է: Ոչ միայն իմ և իմ ընտանիքի, այլ նաև ուրիշների համար:
Մտածի՛ր սրա մասին, երբ ինչ-որ մեկը վատ վարվի քեզ հետ: Փոխարենը խնդրելու, որ Աստված հարվածի այդ մարդու գլխին, ինչպես ես արեցի, մտածի՛ր, որ որքան էլ այդ մարդը ստոր լինի, հնարավոր է, որ նրա տատիկը աղոթում է նրա փրկության համար: Կա՛նգ առ և հիշի՛ր, որ Աստված այնքան էր սիրում նրան, որ մահացավ նրա համար, և որ Աստված ցանկանում է ներել և ոչ թե պատժել:
Այդ ժամանակ դու կարող ես սկսել աղոթել նրա համար՝ միանալով նրա տատիկին (կամ ուրիշ մեկին, ով գուցե այդ պահին աղոթում է նրա համար): Դու կարող ես Տիրոջ մոտ գնալ և ողորմություն խնդրել նրա համար և նրա անունից կարող ես հակառակվել սատանային: Դա իրական բարեխոսություն է, և դա խավարի ուժերին շփոթության է մատնում: Նրանք բացարձակ ոչ մի պաշտպանություն չունեն դրանից:
Աստված փնտրում է այնպիսի մարդկանց, ովքեր բավական քաջ են, բավական նվիրված են այդ գործն անելու համար: Համարձակվի՛ր լինել այդ մարդկանցից մեկը: Երբ գայթակղություն է լինում հաշվեհարդար տեսնել մեկից, փորձի՛ր դրա փոխարեն փոխել նրա կյանքը:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ղուկասի
6:27-36

Սեպտեմբերի 14

Գլորիա Քոփլանդ

Ընդունի՛ր խրատը

«Ծաղր անողին մի՛ հանդիմանիր, որ քեզ չատի, հանդիմանի՛ր իմաստունին, և նա քեզ կսիրի: Գիտությո՛ւն տուր իմաստունին, և էլ ավելի իմաստուն կդառնա, արդար մարդուն սովորեցրու, և նա կավելացնի ուսումը»:

Առակաց 9:8, 9

Գոյություն ունի մի բան, որը կարագացնի քո հոգևոր աճը ավելի, քան որևէ այլ բան. դա Աստծո Հոգուց և Նրա ժողովրդից խրատը ընդունելու կարողությունն է:
Այնքան քիչ հավատացիալներ են կարողանում ընդունել խրատը: Երբ քարոզիչը բեմ է բարձրանում և սկսում քարոզել մի բան, որի մասին նրանք արդեն գիտեն, մի բնագավառի մասին, որն արդեն հանձնել են Տիրոջը, նրանք մտածում են, որ այդ մարդը շատ հոյակապ քարոզիչ է: Նրան սկսում են սիրել, քանի որ իրենց լավ զգացողություն է պարգևում: Բայց երբ նա քարոզում է մի բանի մասին, որտեղ սխալներ ունեն, նրանք վիրավորվում են:
Աստված ասում է, որ դա հիմարություն է: Նա Առակաց 1:7-ում ասում է, որ միայն հիմարներն են անարգում և մերժում խրատը:
Ուրեմն, մի՛ եղիր այդպիսին: Եթե քո հովիվը կամ էլ Քրիստոսի մարմնից ինչ-որ մեկը խրատում է քեզ, երախտագիտությամբ ընդունի՛ր այն: Գնահատի՛ր նրանց, ովքեր Աստծո իմաստությունն են բաժնեկցում քեզ հետ: Երբ մի մարդ ասում է, որ դու ինչ-որ տեղ սխալվել ես, մի՛ բորբոքվիր նրա դեմ, քննի՛ր քեզ և ասա՛. «Դա ճի՞շտ է: Արդյո՞ք դա համապատասխանում է Աստծո Խոսքին: Արդյո՞ք այդտեղ փոփոխություն մտցնելու կարիք կա»:
Եթե այդ հարցերի պատասխանը դրական է, այդ դեպքում կատարի՛ր անհրաժեշտ փոփոխությունները, որպեսզի կյանքդ կարգի գցես:
Գիտեմ, դա հեշտ գործ չէ: Ոչ մեկիս հաճելի չէ, երբ ուղղում են մեզ: Բայց եթե դու որոշում կայացնես, որ ինչ էլ լինի, կընդունես այդ խրատը, որ բաց կլինես խրատի համար, դու կկարողանաս առաջ գնալ և ավելի արագ աճել հոգևորում:
Մի մարդ ասել է. «Եթե կարծում ես, թե արդեն հասել ես, ուրեմն դու այլևս ոչ մի տեղ չես կարող գնալ»: Հիշի՛ր այս խոսքերը, երբ հաջորդ անգամ ինչ-որ մեկը փորձի ուղղել քեզ: Սիրի՛ր այդ մարդուն և շնորհակա՛լ եղիր քո հոգևոր ընթացքն արագացնելու համար: Եթե այդպես վարվես, դու ամեն անգամ հաղթանակած կլինես:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Առակաց 3:11-24

Սեպտեմբերի 15

Գլորիա Քոփլանդ

Հոգուդ համար հոգ տանելու ժամանակ ունե՞ս

«Բայց աշխարհի հոգսերը և հարստության խաբեությունը և ուրիշ բաների ցանկությունները մտնում են, խոսքը խեղդում, և անպտուղ է լինում»:

Մարկոսի 4:19

Գիտեի՞ր, որ քո ամենօրյա կյանքի թվացյալ անմեղ բաները կարող են խեղդել քո հոգևոր կյանքը, եթե թույլ տաս:
Իմ ընկերուհիներից մեկն ասաց, որ Տերը մի օր ասել էր իրեն աղոթքի ժամանակ, որ այս ազգը դարձել է մի ազգ, որն անընդհատ զբաղված է զանազան հոգսերով: «Դուք այնքան շատ բանի համար պետք է հոգ տանեք՝ ձեր տան, ձեր մեքենայի, ձեր բակի, ձեր տեխնիկայի, ձեր մազերի և շատ ուրիշ բաների համար...»:
Այո՛, դա այդպես է: Մարդը կարող է այնքան բաների համար հոգ տանել, որ ժամանակ չունենա իր հոգու համար հոգ տանելու:
Երբ քեզ հայտնաբերես նման իրավիճակում, ուրեմն թեթևացրո՛ւ քո կյանքը: Ես ինքս ստիպված եմ եղել սովորել դա: Այժմ, երբ մտածում եմ, թե արժի՞ այս կամ այն բանը ձեռք բերել, ես ոչ միայն դրա արժեքն եմ հաշվում դոլարով, այլ նաև մտածում եմ, թե որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի պատշաճ կերպով հոգ տանեմ դրա համար: Եվ հաշվում եմ, թե կարո՞ղ եմ արդյոք ինձ նման բան թույլ տալ հոգևոր առումով:
Տիմոթեոսի երկրորդ թղթի 2:4-ն ասում է. «Ոչ մի զինվորություն անող այս աշխարհի գործով չի զբաղվում»: Անցյալ 25 տարիների ընթացքում ես մի բան եմ սովորել. ոչինչ այդքան կարևոր չէ, որքան աղոթքով և Խոսքով Հոր հետ հաղորդակցվելը: Իմ կյանքում բացարձակապես ոչինչ դրանից կարևոր չէ:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Մարկոսի 4:18-24

Սեպտեմբերի 16

Քենեթ Քոփլանդ

Մասնակցի՛ր քվեարկությանը

«Արդ աղաչում եմ ամենից առաջ աղոթք անել, խնդրվածք, աղաչանք, գոհություն ամեն մարդկանց համար, թագավորների և ամեն իշխանավորների համար, որ խաղաղ և հանդարտ կյանք վարենք, բոլոր աստվածապաշտությունով և սրբությունով»:

Ա Տիմոթեոսի 2:1, 2

Մեզ պատվիրված է աղոթել մեր երկրի և մեր առաջնորդների համար: Բայց աղոթելու հետ մեկտեղ Աստված ակնկալում է, որ մենք նաև գործենք: Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրությունները շատ կարևոր են այս ազգի ապագայի համար: Մեր երկիրը Հոգու նոր շարժի մեջ է, և շատ կարևոր է, որ ճիշտ մարդիկ ընտրվեն: Մենք պետք է հետևենք դրան:
Մի՛ սպասիր, որ ընտրությունների ժամանակները մոտենան, և միայն այդ ժամանակ փնտրես Աստծո երեսը՝ իմանալու, թե ում ձայն տաս: Սկսի՛ր աղոթել հիմա, որպեսզի լրատվամիջոցները և տարբեր տեղերից եկող ձայները չկարողանան ազդել քեզ վրա և չկարողանան հեռացնել քեզ Աստծո Հոգու ուղղությունից: Աղոթի՛ր, որ չընկնես հնարամիտ գովազդների և գաղափարախոսությունների աղդեցության տակ:
Սկսի՛ր հիմա աղոթել գալիք ընտրությունների համար: Լինեն դրանք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ թե ընդհանուր ազգային ընտրություն, թող դրանք կազմեն քո աղոթքների մի մասը: Այնուհետև շնորհակալությո՛ւն հայտնիր Աստծո Հոգուն Իր իմաստության համար: Շնորհակալությո՛ւն հայտնիր Նրան, որ իմաստություն է տալիս իմանալու, թե երբ և ինչ ասես ուրիշներին: Շնորհակալությո՛ւն հայտնիր, որ Նա իմաստություն է տալիս հռչակելու Հիսուսի անունը և հռչակելու, որ սա կլինի աստվածահաճո, Աստծո կողմից կարգված և Աստծո կողմից նախասահմանված վարչություն:
Ուրեմն գրանցվի՛ր: Աղոթի՛ր: Քվեարկի՛ր: Այնուհետև հրապարակավ արտահայտի՛ր քո կարծիքը:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ա Տիմոթեոսի 2:1-8

Սեպտեմբերի 17

Գլորիա Քոփլանդ

Քա՛ջ եղիր

«Միայն թե զորացի՛ր և շատ քա՛ջ եղիր, որ պահես և անես այն ամեն օրենքի պես, որ Իմ ծառա Մովսեսը քեզ պատվիրել է, նրանից չխոտորես աջ կամ ձախ, որ ամեն բանում խելամուտ լինես, ուր որ գնում ես»:

Հեսուի 1:7

Հավատքի կյանք ապրելու համար քաջություն է պահանջվում: Թեև շատ