Սեպտեմբեր            Հոկտեմբեր            Նոյեմբեր

 

            Դեկտեմբեր

 

 

 

 

 

 

Հոկտեմբերի 1

Գլորիա Քոփլանդ

                                     Օրհնի՛ր Տիրոջը 

«Ուստի Նրա ձեռով ամեն ժամանակ  Աստծուն օրհնության պատարագ մատուցենք, այսինքն` Նրա անունը գովաբանող շրթունքների պտուղ»:

Եբրայեցիների  13.15

 Հզոր բաներ են տեղի ունենում, երբ շարունակ դավանում ես Աստծո ողորմությունը: Քո ներսում սկսում է հավատք բարձրանալ: Այն իրողությունը, որ Աստված սիրում է քեզ, սկսում է երգի նման դուրս բխել քո հոգուց:
Եվ, ավելին, հավատալով Աստծո Խոսքին և մեծացնելով Նրա սերն ու ողորմությունը քո մեջ` դու պատվում ես քո երկնային Հորը: Դու պատվում ես Նրան, երբ խոսում ես Նրա  բարության և հոգատարության մասին, երբ խոսում ես Նրա մասին որպես սիրող Հայր, Ով միայն բարին է անում: Դու օրհնում ես Աստծուն, երբ փառաբանում ես Նրան` որպես տիեզերքի Հզոր Աստծո, Ով փափագում է օրհնել, Ով նույնիսկ տվեց իր Որդուն, քանի որ այնքան շատ սիրեց այս աշխարհը:
Դավիթը Աստծո սրտի համեմատ մարդ էր: Նա գիտեր, թե ինչպես է պետք փառավորել իր Աստծուն: Որպեսզի քո հոգուց կարողանաս սաղմոսներ ու փառաբանություններ ասել Տիրոջը, անհրաժեշտ է, որ Աստծո Խոսքը առատությամբ բնակվի քո մեջ: Բայց մինչ այդ Աստծուն մեծարելու համար օգտագործի՛ր Դավթի սաղմոսները: Բարձրաձայն ասա՛ կամ երգիր` ուղղելով դրանք քո Հորը:
Նրա խոսքերը թող շարունակ լինեն քո շուրթերին: Եվ շուտով դու կզգաս այն թրթիռը և ուրախությունը, երբ հասկանաս, որ Աստված իրոք «առատ է  ողորմությամբ» շնորհիվ այն մեծ սիրո, որով Նա սիրում է մեզ: Քո հավատքը նոր բարձունքների կհասնի, և քո Հայրը օրհնված կլինի: Եվ դու նույնպես օրհնված կլինես:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ  ԸՆԹԵՐՑՈՒՄ
Սաղմոս 89. 1-18

Հոկտեմբերի 2

Քենեթ  Քոփլանդ

Վազի՛ր Աստծո մոտ

 «Ապա թե մեր մեղքերը խոստովանենք, Նա հավատարիմ է և արդար, որ մեր մեղքերը թողնի մեզ և սրբի մեզ ամեն անիրավությունից»:

Ա Հովհաննեսի 1. 9

 Ի~նչ հիասքանչ է, երբ գիտես, որ ազատ ես մեղքի և մահվան օրենքից: Ի~նչ փառահեղ է, երբ գիտես, որ այլևս ստիպված չես մեղքի գերության տակ լինել: Բայց ի՞նչ ես անում, երբ հակառակ այս հիասքանչ և փառահեղ ճշմարտությունների, դու կրկին անհաջողություն ես կրում այս բնագավառում: Ի՞նչ ես անում, երբ սայթաքում և ընկնում ես մեղքի մեջ:
Վազի՛ր Հորդ մոտ և ապաշխարի՛ր: Դա շատ հեշտ է թվում: Բայց խիստ տարօրինակ է, որ մենք հենց հակառակն ենք անում: Աստծո մոտ վազելու փոխարեն մենք թույլ ենք տալիս, որ վախը և մեղավորության զգացումը մեզ ավելի ու ավելի հեռացնեն Նրանից: Եվ սկսում ենք այսպիսի բաներ մտածել. «Դե, հիմա ձախողվեցի, ուրեմն պետք է ամեն բան մոռանամ ու ապրեմ սատանայի նման»:
Այդպիսի սխալ մի՛ գործիր: Թույլ մի՛ տուր, որ սատանան փսփսա քո ականջին և դրդի  քեզ մեղք գործել կյանքի որևէ բնագավառում զուտ այն պատճառով, որ դու մեկ այլ  բնագավառում պարտություն ես ունեցել: Երբ շեղվում ես Աստծո ճանապարհից, պարզապես խոստովանի՛ր դա և նորից վերադարձի՛ր ճիշտ ճանապարհին:
«Բայց, եղբա՛յր Քոփլանդ, ես այնքան մեղավոր եմ զգում, երբ Աստծուն պատմում եմ իմ արածի մասին, որ դժվարանում եմ խոստովանել»:
Գիտեմ, գիտեմ: Ես նույնպես նման բան զգացել եմ: Մի օր Աստված ասաց ինձ. «Քենե՛թ, երբ խոստովանեցիր քո մեղքը, այդ ժամանակ չէր, որ իմացա դրա մասին: Ես այս ողջ ընթացքում տեղյակ եմ եղել այդ մասին: Երբ խոստովանեցիր, այդ ժամանակ դու ազատվեցիր դրանից և դրա ազդեցություններից»:
Երբ սխալ ես գործում, երբ ինչ-որ բանում թերանում ես, հիշի՛ր, դու դատապաշտպան ունես Հոր մոտ: Դա Հիսուս Քրիստոս Արդարն է (Ա Հովհաննեսի 2. 1): Վազի՛ր Նրա մոտ: Նա գիտի, թե ինչի միջով ես դու անցնում: Կարիք չկա վախենալու: Նա քո գործած մեղքերի պատճառով քեզ ծվեն-ծվեն չարեց, երբ դեռ Նրան քո կյանքի Տերը չէիր դարձրել, չէ՞: Այդ դեպքում քո կարծիքով որքան առավել բարեգութ և սիրող  կլինի Նա հիմա, երբ դու Իրեն ես պատկանում, հիմա երբ փափագում ու սիրում ես Նրան:
Մի՛ փախիր Աստծուց: Վազի՛ր Նրա մոտ: Ընդունի՛ր Նրա ներումը: Ընդունի՛ր Նրա սրբագործումը: Անկախ այն բանից, թե ինչպիսի մեղք ես գործել, Նա պատրաստ է ներել ու մաքրել քեզ քո բոլոր անօրենություններից:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ  ԸՆԹԵՐՑՈՒՄ
Բ. Թագավորաց 11. 1-5, 12. 1-13

Հոկտեմբերի 3

Քենեթ Քոփլանդ

Խուսափի՛ր մեծ անհաջողություններից

«Արդ սա եմ ասում և վկայում Տերով, որ դուք այլևս չգնաք ինչպես ուրիշ հեթանոսներն են գնում իրենց մտքի ունայնությունով, որ խավարված են մտքով և օտար Աստծո  կյանքից, այն տգիտության պատճառով, որ նրանցում է իրենց սրտերի կուրության  համար: Որ անզգայացած իրենց անձերը մատնեցին անառակության, ամեն պղծության գործերի մեջ ագահությունով»:

Եփեսացիների 4. 17-19

Սատանան շատ խորամանկ ռազմավարություն է օգտագործում մեր կյանքերի վրա իշխելու համար: Աստվածաշունչը դա «անառակություն» է անվանում, և դա նշանակում է «ոչ մի զսպվածություն չունենալ»:
Անառակությունը համարվել է ծայրահեղ անբարոյականություն, բայց այն այդպես չի սկսվում: Այն սկսվում է մի քանի անմեղ թվացող մտքերից: Հետո այդ մտքերն աճում և զարգանում են, մինչև որ շատ լուրջ մեղքի են հանգեցնում:
Օրինակ, երբ յոթ տարեկան էի, մի օր ինձ մոտ ցանկություն առաջացավ հայհոյելու: Ես շատ լավ հասկանում էի, որ դա լավ բան չէ, բայց միևնույնն է, արեցի: Ես մի բարեկամ ունեի, որ Արևմտյան Թեքսասի հայհոյանքների մեծ գիտակ էր, և ինձ թվում էր, թե նա է դրանք հորինում: Ես այդպիսի սխալ կարծիք ունեի և ուզում էի փորձել:
Երբ կապերս արձակեցի և սկսեցի այդ հայհոյանքի խոսքերն ասել, ինչ-որ չար բան տեղափոխվեց իմ մտածելակերպի մեջ, որը շատ վատ ազդեցություն ունեցավ ինձ վրա մոտ 20 տարի: Գործի դրվեց մի օրենք, որի արդյունքում իմ մարմինը աստիճանաբար սկսեց իշխել իմ ամբողջ էության վրա:
Թույլ մի՛ տուր, որ սատանան անառակության հնարքներ օգտագործի քո դեմ: Որոշո՛ւմ կայացրու քո մտքում և սրտում, որ կհնազանդվես Աստծուն նույնիսկ փոքր բաներում: Խուսափի՛ր մեծ անհաջողություններից՝ աստիճանաբար քայլելով Աստծո Սուրբ Հոգու հետ: Եվ արդյունքում խոշոր հաղթանակները քոնը կլինեն:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ  ԸՆԹԵՐՑՈՒՄ
Եփեսացիների 4. 22-31

Հոկտեմբերի 4

Քենեթ  Քոփլանդ

Վկայությունը որոշիչ դեր է խաղում

«Երկու կամ երեք վկայի բերանով ամեն բան կհաստատվի»:

Մատթեոսի 18. 16

Դու շատ անգամներ ես կանգնել որոշումների հարթավայրում: Շատ անգամներ ես հաղթանակի և պարտության միջև հայտնվել անորոշ վիճակում: Մի կողմում աշխարհի խոսքն է, որի հեղինակը սատանան է, և որն ասում է. «Դու չես բժշկվի»: Իսկ մյուս կողմում Աստծո Խոսքն է. «Իմ Խոսքը Այո և Ամեն է » և «Նրա վերքերով դու բժշկված ես»: Թե ինչպես այս ամենը կվերջանա, կախված է միայն քեզանից: Դու ես հաստատող վկան:
Հիշում եմ, մի անգամ մի երիտասարդ մոտեցավ ինձ: Նա ցանկանում էր, որ աղոթեմ իր համար: Ես ասացի. «Հիմա Խոսքն ասում է, որ դու բժշկված ես»: Նա ընդհատեց ինձ  և  ասաց. «Այո, ես գիտեմ, որ Խոսքն այդպես է ասում, բայց ես սարսափելի ցավեր ունեմ...»:
Ես նայեցի նրա աչքերին և ասացի. «Խոսքն ասում է. «Նրա վերքերով դու բժշկված ես»:
«Ես գիտեմ դա, - պատասխանեց նա, բայց այստեղ սարսափելի…»:
Ես գլուխս տարուբերեցի և ասացի. «Լսի՛ր, Խոսքն ասում է, որ դու բժշկված ես»:
Նա բազուկի նման կարմրեց. «ԵՍ ԳԻՏԵՄ, ՈՐ ԱՅԴՊԵՍ Է ԱՍՈՒՄ, ԲԱՅՑ ԱՅՍՏԵՂ …»:
Ի վերջո նա կանգ առավ և աչքերը հառեց վրաս: Նա առանց հասկանալու թույլ էր տվել, որ իր ֆիզիկական նախանշանները դառնան իր վկայությունը: Նա դրանց էր հավատում: Բոլորովին նշանակություն չուներ, թե Խոսքն ինչ է ասում, նա հավատում էր այն բանին, ինչ տեսնում և զգում էր:
Բայց երբ նա լռեց, ես ասացի. «Լսի՛ր , դու ցանկանում ես, որ ես համաձայնվեմ քեզ հետ, և բարկանում ես, երբ չեմ ուզում համաձայնվել: Բայց եթե ես այդպես անեմ, դու կմահանաս: Իսկ եթե դու համաձայնվես իմ և Աստվածաշնչի հետ, դու կարեղ ես բժշկվել»:
Հանկարծ նա հասկացավ դա: Նրա աչքերը բոցավառվեցին: «Օ~հ, փառք Աստծուն: Հասկանում եմ, թե ինչ նկատի ունես: Ես համաձայն եմ Աստծո Խոսքի հետ»:
Ես  ձեռքերս դրեցի նրա գլխին, և Աստված անմիջապես բժշկեց նրան:
Հիմա տեսնո՞ւմ ես. երբ նա որոշեր համաձայնության գալ Աստծո հետ, նա կարող էր իր բժշկությունը ստանալ իր ննջասենյակում կամ մեքենա վարելիս կամ մեկ այլ վայրում: Երբ նա որոշեր դառնալ հաստատող վկա, նա կարող էր բժշկվել ցանկացած ժամանակ:
Աղոթի՛ր և հաստատի՛ր քո վկայությունը: Դա քո գործն է : Եթե դու այդպես վարվես, Աստված կսատարի քեզ, և երբ սատարի, ամեն բան պետք է հարթվի կամ էլ ճանապարհից հեռացվի :
Քո վկայությունը որոշիչ դեր է խաղում: Ի՞նչ կասես:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Մատթեոսի 18. 15-20

Հոկտեմբերի 5

Քենեթ Քոփլանդ

Փոփոխման ենթակա

 «Որ այս երևացող բաներին չենք նայում, այլ աներևույթներին, որովհետև երևացողները ժամանակավոր են, իսկ չերևացողները` հավիտենական»:

Բ Կորնթացիների 4. 18

Քո ուշադրությունը մի՛ կենտրոնացրու այն ամենի վրա, ինչ կարող ես տեսնել ֆիզիկական զգայարաններով: Ամեն բան, որ տեսնում ես, ժամանակավոր է և փոփոխման ենթակա: Ուստի քո հավատքը դի՛ր անտեսանելի հավիտենական բաների վրա: Հավիտենական բաները ենթակա չեն փոփոխման:
Աստծո Խոսքը հավիտենական է և պարունակում է 7000 խոստում քո կյանքի ցանկացած իրավիճակին լուծում տալու համար: Եվ, անկախ այն բանից, թե ինչ է կատարվում այս փոփոխական և տատանվող աշխարհում, այդ խոստումները ընդմիշտ նույնն են մնում:
Նշանակություն չունի, թե որքան վատ է զգում քո մարմինը: Խոսքը միշտ կասի. «Նրա վերքերով դու բժշկված ես» (Ա Պետրոսի 2. 24): Անկախ այն բանից, թե ինչ ողորմելի վիճակում է հայտնվել քո դրամապանակը, Խոսքը միշտ կասի . «Իմ Աստված կլրացնի ձեր ամեն կարոտությունը Իր հարստության չափով` փառքով Քրիստոս Հիսուսում» (Փիլիպեցի 4. 19):
Մի՛ հարմարվիր այն չորուցամաք գոյատևման հետ, որ աշխարհն է առաջարկում քեզ: Ամուր բռնվի՛ր այն ամենից, ինչ Խոսքն է ասում: Քո ուշադրությունը կենտրոնացրո՛ւ Աստծո հավիտենական Ճշմարտության վրա և մի՛ նայիր տեսանելի բաներին: Ի վերջո, դրանք բոլորը ենթակա են փոփոխման:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Բ Կորնթացիների 4. 8-18

Հոկտեմբերի 6

Քենեթ  Քոփլանդ

Հեղափոխող սեր

 «(Սերը) ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է: Սերը երբեք չի վերջանում»:

Ա Կորնթացիների 13. 7, 8

Սերը երբեք չի վերջանում: Առանց սիրո ոչինչ չի գործում, իսկ սիրո հետ ոչ մի անհաջողություն չի լինում: Երբ դու ապրում ես սիրով, դու չես կարող ձախողվել:
Հավատք է անհրաժեշտ հավատալու համար, որ սիրո ճանապարհը երբեք անհաջողության չի տանում: Մարդու բանականությունը չի կարող հասկանալ սա, քանի որ մարդը և նրա աշխարհը ղեկավարվում են եսասիրությամբ:
Բայց երբ դու հավատքով գործի ես դնում սերը և հրաժարվում ես փնտրել քո շահերը, դու դրդում ես, որ Հայրը գործի քո փոխարեն: Քանի դեռ մնում ես սիրո մեջ, Հայր Աստվածը պաշտպանում է քո սեփական շահերը: Նա ամեն բան անում է, որ դու հաջողություն ունենաս: Սիրո մեջ քայլելը քո ամենամեծ առավելությունն է:
Աստվածային սերը մի նոր զորություն է: Այն քեզ հնարավորություն է տալիս կառավարել ցանկացած  իրավիճակ: Քո դեմ պատրաստված ոչ մի զենք չի հաջողվի: Ոչ ոք զորություն չի ունենա վիրավորելու քո զգացմունքները, որովհետև դու չես ղեկավարվում զգացմունքներով, այլ Աստծո սիրով: Դու սիրում ես այնպես, ինչպես Նա է սիրում:
Այսպիսի սերը հեղափոխող է: Եթե լիովին հասկանայինք, թե ինչպիսի փոխհատուցում կա Աստծո սիրով ապրելու մեջ, այդ դեպքում, հավանաբար, կմրցեինք իրար հետ` փորձելով մեկս մյուսին ավելի շատ սիրել: Եվ անկասկած, ամեն մեկս այդ մրցույթից հաղթող դուրս կգայինք: Որովհետև սերը մեր հաջողության միակ գաղտնիքն է:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ  ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հռոմեացիների 12. 9-21

Հոկտեմբերի 7

Քենեթ  Քոփլանդ

Հիմարությունը ետևում թող

«Մեղավոների ետևից կգնա չարիքը, բայց արդարներին բարիք կհատուցվի»:

Առակաց 13. 21

Սատանան այնքան է մեզ աղքատության մտածելակերպի մեջ պահել, որ դժվարանում ենք ընկալել, թե Աստված որքան շատ է փափագում, որ մենք հարստանանք, թեև Նա շատ անգամներ է դրսևորել այդ ցանկությունը:
Օրինակ` Աբրահամը: Աստված նրան չափազանց հարուստ մարդ դարձրեց: Ծննդոց 13. 2–ն ասում է, որ նա հարուստ էր իր անասուններով, արծաթով և ոսկով:
Հետո, անշուշտ, գալիս է Սողոմոնը: Աստվածաշունչն ասում է, որ նա գերազանցեց աշխարհում տիրող բոլոր թագավորներին իր հարստությամբ և իմաստությամբ:
Աստծո ծառա Հոբը այնքան հարստություն ուներ, որ նա Արևելքում ամենահզոր մարդն էր համարվում: Սակայն դա սատանայի բռնարարքներից առաջ էր: Իսկ դրանից հետո Աստված Հոբին օրհնեց սատանայի գողացածի կրկնապատիկ չափով:
Խնդիրն այն է, որ շատ հավատացյալներ սարսափում են այն մտքից, որ Աստված կարող է նման հարստություն տալ իրենց: Նրանք վախենում են, որ հարստությունը նրանց կկործանի:
Աստված ասել է, որ «հիմարների անհոգությունը (անգլերեն թարգմանությունում` «հարստությունը») պիտի կորցնի նրանց» (Առակ. 1. 32):
Բայց դա չի նշանակում, որ դու պետք է խուսափես հարստանալուց: Դա նշանակում է, որ դու պետք է խուսափես հիմար լինելուց:
Այս շաբաթ ես քեզ քաջալերում եմ, որ կարդաս Առակաց գիրքը և տեսնես, թե Աստված ինչ է ասում հիմարին բնորոշ գծերի մասին: Թույլ տուր, որ Սուրբ Հոգին քննի քո հոգին: Եթե դու տեսնում ես, որ կան տեղեր, որտեղ դու հիմարի նման ես վարվել, ապաշխարի՛ր և ամուր որոշում կայացրու, որ այդ ծուղակի մեջ այլևս չես ընկնելու:
Թո՛ւյլ տուր, որ Աստծո Խոսքը քաջալերի և լեցունություն տա քեզ, որպեսզի հմարությունը ետևում թողնես: Թո՛ւյլ տուր, որ Աստծո Խոսքը քո ներսում հավատք բորբոքի, որպեսզի ձեռքդ մեկնես և ստանաս այն, ինչի համար դու աստվածային իրավունք ունես` որպես փրկված զավակ: Եվ դա ոչ թե աղքատության անեծքն է, այլ բարգավաճման օրհնությունը:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ծննդոց 15. 1-6

Հոկտեմբերի 8

Քենեթ  Քոփլանդ

Հավատքի սերմ

«Որովհետև ճշմարիտ ասում եմ ձեզ, որ եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք, այս սարին կասեք` փոխադրվի՛ր այստեղից այնտեղ, և նա կփոխադրվի, և ոչինչ անկարելի չի լինի ձեզ համար»:

Մատթեոսի 17. 19

Մեկ անգամ մի մարդ ինձ ասաց, որ ես հատուկ հավատք ունեմ, և դրա շնորհիվ է, որ նման կյանքով եմ ապրում: Բայց, գիտե՞ս, դա սխալ է: Ես յուրահատուկ հավատք չունեմ: Աստված ինձ տվել է նույն չափի հավատք, որքան որ քեզ ու մնացած բոլոր հավատացյալներին: Միակ պատճառը, որ իմ հավատքը այնպիսին է, որ կարծես ավելի լավ է գործում, այն է, որ ես կիրառում եմ այն:
Եթե դու ապրում ես լեռան ստվերի ներքո և սպասում ես, որ Աստված յուրահատուկ մի հավատք կտա, ուրեմն այսօր է օրը փոխվելու: Քա՛յլ արա և գործի՛ դիր քեզ տրված հավատքի չափը հոգևոր, ֆիզիկական, մտավոր կամ ֆինանսական խոչընդոտները շարժելու համար, որոնք սատանան դրել է քո ճանապարհին:
Հռոմեացիների 12. 3-ն ասում է, որ Աստված ամեն մեկին հավատքի չափ բաժանեց: Հավատա՛ Նրան: Հավատքի համար հավատքի քա՛յլ արա: Ասա՛. «Երկնային Հայր, ես շնորհակալություն եմ հայտնում Քեզ, որ Հիսուս Քրիստոսին հավատալու միջոցով Դու տվեցիր ինձ Քո Էությունն ու Հոգին: Ես երախտապարտ եմ այն հավատքի համար, որ տվել ես ինձ որպես հավատացյալի:
Ես այսօր որոշում եմ կայացնում քայլել այդ հավատքով, գործի դնել այն իմ իրավիճակները փոխելու համար: Ես գործելու եմ լեռներ շարժող հավատքով, որովհետև գիտեմ, որ առանց հավատքի անհնար է հաճեցնել Քեզ (Եբր. 11. 6):
Տնկելով այս հավատքը և ջրելով այն Քո Խոսքով (Հռոմ. 10. 17) ես սպասում եմ, որ այն կաճի և կհաղթահարի իմ կյանքի բոլոր լեռները, ինչպես նաև նրանց կյանքերում, ում համար ես բարեխոսում եմ:
Շնորհակալությո՛ւն, Հայր, որ սա անելով` ինձ համար անհնարին բան չի լինի: Հիսուսի անունով: Ամեն»:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ղուկասի 8. 41-56

Հոկտեմբերի 9

Քենեթ  Քոփլանդ

Քո առաջնային և ամենամեծ կոչումը

«Հավատարիմ է Աստված, Որի միջոցով կանչվեցիք դեպի Նրա Որդու` մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղորդությունը»:

Ա Կորնթացիների 1. 9

Գիտե՞ս, թե Աստված ամենից շատ ինչ է ցանկանում, որ անես: Նա ցանկանում է, որ դու շփվես Իր հետ:
Նա  ցանկանում է, որ դու քայլես և զրուցես Իր հետ: Որ կյանքիդ խնդիրները քննարկես Իր հետ: Նա ցանկանում է, որ մոտենաս Իրեն և Նրա Էության մասը կազմես:
Մեզանից շատերն  այնքան են տարվում Աստծուն գործերով հաճեցնելով, որ մոռանում են, որ մեր առաջին և ամենամեծ կոչումը Նրա հետ հաղորդակցվելն է:
Այո՛, դա այդպես է: Աստված ցանկանում է, որ մենք Իր հետ լինենք:
Երբևէ պատկերացրե՞լ ես, թե ինչ կնշանակեր գնալ Աստծո մոտ և ասել. «Հայր, այսօր չեմ եկել ինչ-որ բան ստանալու համար: Ես իմ կարիքների համար արդեն աղոթել եմ, և Քո Խոսքն ասում է, որ դրանք արդեն լրացված են Քո հարստության չափով՝ փառքով Հիսուս Քրիստոսում: Ուստի ես պարզապես եկել եմ Քեզ հետ լինելու համար: Եթե ինչ-որ բան ունես ինձ ասելու, ես պատրաստ եմ լսել… և ուզում եմ, որ իմանաս, թե ինչ որ տեսնեմ Քո Խոսքում, կանեմ: Ես այն գործի կդնեմ իմ կյանքում»:
Արժի, որ Աստծուն այսօր այդպիսի խոսքեր ասես: Նա սպասում է քեզ հետ հաղորդակցվելուն:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ա Հովհաննեսի 1. 1-7

Հոկտեմբերի 10

Գլորիա  Քոփլանդ

Ապրի՛ր վախից ազատ

«Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում: Ես կասեմ Տիրոջը` իմ ապավեն և իմ ամրոց, իմ Աստված, Որին ես հուսացած եմ: Որովհետև Նա կփրկի քեզ որսորդի որոգայթից, չար ժանտամահից»:

Սաղմոս 91. 1-3

Հնարավո՞ր է, արդյոք, վտանգներով լի և անկանխատեսելի այս աշխարհում ապրել առանց վախի: Այո՛, ամենայն հավանականությամբ, հնարավոր է: Որովհետև պաշտպանությունը Աստծո կողմից տրված հաստատուն խոստում է:
Բայց այդ խոստումը բոլորին չէ տրված: Այդ խոստումը տրված է միայն նրանց, ովքեր բնակվում են Տիրոջ մեջ: Բնակվել նշանակում է ապրել, մնալ և շարունակել: Տիրոջ շուքի տակ մնալ նշանակում է ապրել Նրա հետ մշտական միաբանության մեջ` պահելով Նրա Խոսքը և հնազանդվելով Նրա ձայնին: Նրանք, ովքեր ապրում են Տիրոջ մեջ, կարող են ապրել առանց սատանայի մտադրություններից վախենալու:
Թույլ տուր ավելի պարզեցնեմ սա: Աստծո պաշտպանության խոստումը չի երաշխավորում, որ սատանան քեզ չի մոտենա: Դա նշանակում է, որ Աստված քեզ ելքի ճանապարհ ցույց կտա ամեն անգամ, երբ նա իր անճոռնի դեմքը ցույց տա քեզ:
Եթե դու վախենում ես քո շուրջը կատարվող վտանգներից, ավելի շատ ժամանակ անցկացրու Խոսքի և աղոթքի մեջ, մինչև որ Աստծո հանդեպ քո վստահությունը հաղթի քո վախին: Ավելի  մոտեցի՛ր Տիրոջը, մինչև որ Ամենակարողի շուքի տակ լինես: Եվ բոլորովին նշանակություն չունի, թե որքան վտանգավոր է այս աշխարհը դառնում, Նա անպայման կազատի քեզ:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Սաղմոս 91. 1-16

Հոկտեմբերի 11

Գլորիա   Քոփլանդ

Պատրա՛ստ եղիր հալածանքներին

 «Եվ ամենը, որ կամենում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսում, հալածանք պիտի կրեն»:

Բ Տիմոթեոսի 3: 12

Հասկանո՞ւմ ես, թե այս խոսքն ինչ է ասում: Այն ասում է, որ բոլոր նրանք, ովքեր աստվածապաշտությամբ են ապրում, հալծանքներ են կրելու: Ոչ թե միայն գերսուրբերը կամ միսիոներները, այլ ԲՈԼՈՐԸ:
Եթե պատրաստվում ես ապրել Աստծո համար, այդ դեպքում քո ճանապարհին անպայման հալածանքի կհանդիպես: Սատանան դրա համար անպայման հոգ կտանի:
Ես սա չեմ ասում քեզ վախեցնելու կամ հուսահատության մատնելու համար: Ես սա ասում եմ, որովհետև ցանկանում եմ, որ պատրաստ լինես դրան:
Երբ տեղյակ ես սատանայի ռազմավարությանը, նրա համար ավելի դժվար կլինի դրանք արդյունավետ օգտագործել քո դեմ քեզ ճանապարհից շեղելու համար:
Կորնթացիների երկրորդ թղթի 10: 4-ում ասվում է. «Որովհետև մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծով զորավոր՝  բերդեր քանդելու»: Ուրեմն զինված ու պատրաստ եղիր սատանայի հարձակումներին: Այնուհետև, երբ և ինչ էլ որ պատահի, այն չի կանգնեցնի քո կյանքը և նույնիսկ չի դանդաղեցնի քո ընթացքը:
Դա շատ կարևոր է մեր օրերում, որովհետև մենք ապրում ենք վերջին ժամանակներում: Սատանայի ժամանակը մոտենում է իր ավարտին: Նա հուսահատ վիճակում է: Նա ամեն բան փորձում է եկեղեցուն կանգնեցնելու համար: Բայց Հիսուսն ասաց, որ դժոխքի դռները չեն կարող հաղթել Իր եկեղեցուն:
Հիշի՛ր, որքան ավելի նմանվենք Հիսուսին, և որքան ավելի Աստծո փառքը հայտնվի մեր կյանքերում, այդքան ավելի մեծ սպառնալիք մենք կդառնանք սատանայի գործնեության համար: Հիսուսն ասաց. «Ուրա՛խ եղեք այն օրը և ցնծացե՛ք, որ ահա ձեր վարձքը շատ է երկնքում, որովհետև նրանց հայրերը այդպես էին անում մարգարեներին» (Ղուկ. 6: 23):
Ուստի, երբ քո ճանապարհին հալածանքների հանդիպես, իսկ դու գիտես, որ կհանդիպես, ուրախացի՛ր և ցնծա՛: Վերցրո՛ւ Հիսուսի հովանավորությունը և ուրախությունից ցատկի՛ր ու փառաբանի՛ր Աստծուն: Եթե դու այդպես անես, անհնար է, որ հալածանքն ինչ-որ վնաս հասցնի քեզ: Ես դա փորձել եմ. այն գործում է:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Գործք առաքելոց 6: 1-15

Հոկտեմբերի 12

Գլորիա Քոփլանդ

Որսա՛ Շնորհքի Հոգու ալիքը

«Որովհետև Աստծո շնորհքը երևաց, որ փրկարար է ամեն մարդկանց համար: Որ ԽՐԱՏՈՒՄ է մեզ, որ ուրանանք ամբարշտությունը և աշխարհական ցանկությունները և խոհեմությամբ, արդարությամբ և աստվածապաշտությամբ ապրենք այս աշխարհում»:

Տիտոսի 2:11

Շնորհքը սովորեցնում է մեզ: «Շնորհքի Հոգին» մեր ներսում կրթում է մեզ: Թո՛ւյլ տուր, որ Աստծո Սուրբ Հոգին խորհուրդ տա և սովորեցնի քեզ, թե ինչպես է պետք ապրել այս աշխարհում:
Եթե լսես աշխարհի ձայնին, դու աշխարհիկ կամ մարմնական մտածելակերպ կունենաս, որը մահվան է տանում: Բայց եթե որսաս Շնորհքի Հոգու ձայնը, դու հոգևոր մտածելակերպ կունենաս: Եվ, ըստ Աստծո Խոսքի, դա կյանք և խաղաղություն է: Ուստի, երբ Աստծո Հոգին խոսում է քեզ հետ քո ներսում գտնվող մեղմ ձայնով, լսի՛ր և հնազանդվի՛ր Նրան: Նրա ուղիները ճշմարիտ են: Վստահի՛ր Նրան և հիշի՛ր, որ Նա մտածում է քո բարեկեցության մասին:
Գուցե Սուրբ Հոգին խնդրում է քեզ, որ թողնես որոշ գործեր, որոնք շատ ժամանակ և ուշադրություն են խլում քեզանից: Կամ գուցե հուշում է, որ առավոտյան մի փոքր ավելի վաղ արթնանաս և մի փոքր ավելի երկար ժամանակ անցկացնես Խոսքի և աղոթքի մեջ: Ինչ էլ որ Նա ասի, եթե անես, դու ավելի ուժեղ կլինես Աստծո շնորհքի մեջ և հետևաբար, Աստծո օրհնությունների մեջ:
Մի վայրկյան անգամ մի՛ հապաղիր: ԱՐԱ՛ ԴԱ: Եթե փոփոխություն ես ցանկանում, ապա փոխի՛ր:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ա Կորնթացիների 1: 3-8

Հոկտեմբերի 13

Քենեթ Քոփլանդ

Կրոնից դեպի իրականություն

«Որովհետև Աստված Նրան (Հիսուսին), որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արեց, որ մենք Աստծո արդարություն լինենք Նրանում»:

Բ Կորնթացիների 5: 21

Վերստին ծնվելով՝ դու կիսով չափ չծնվեցիր կամ կիսով չափ չարդարացար և ոչ էլ մեկ քառորդ չափով: Դու դարձար Աստծո արդարությունը Քրիստոսում: Դու դարձար Հիսուսի «ժառանգակիցը»: Ըստ Ստրոնգի համաբարբառի՝ «ժառանգակից» բառը վերաբերում է անձի հավասարությանը, որը հիմնված է ունեցվածքի հավասարության վրա:
Հիսուսը գնաց դեպի խաչը, որպեսզի տա քեզ այն, ինչ Ինքն արդեն ուներ: Նա հարություն առավ, որպեսզի դու նորովի ծնվես Իր նմանությամբ: Դու Ամենակարող Աստծո հաղթանակն ես: Դու Հիսուս Քրիստոսում ավելին ես, քան հաղթող: Դու ամեն ինչ ես Հոր համար, ինչպես որ Հիսուսն է: Հովհաննեսի 17: 23-ը իրականում ասում է, որ Աստված սիրում է քեզ այնքան, որքան Նա Հիսուսին է սիրում:
Երբ համարձակությամբ ընդունես այդ փաստը, քո կյանքը մեկընդմիշտ կփոխվի: Դու այլևս բավարարված չես լինի միայն նրանով, որ ինչ-որ բան փոխվի: Դու կցանկանաս կանգնել իշխանության դիրքում, որը Հիսուսն է տվել քեզ, և զբաղեցնել քո արդար տեղը Նրա կողքին, ինչպես նաև վարվել այնպես, ինչպես Նա է վարվում:
Որպես Նրա ժողովուրդ՝  մենք Աստծո համար այն ենք, ինչ Հիսուսն է Նրա համար:
Եթե ընդունես այս խոսքը, եթե համարձակությամբ հավատաս դրան, եթե գործի դնես այն, ապա այն շրջադարձային փոփոխություն կբերի քո կյանքում: Այն քեզ կրոնից կտանի դեպի իրականություն:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հովհաննեսի 1: 16-26

Հոկտեմբերի 14

Քենեթ Քոփլանդ

Այդ փառավոր Անունը

«Եվ ինչ որ խնդրեք Իմ անունով, այն կանեմ, որ Հայրը փառավորվի Որդում»:

Հովհաննեսի 14: 13

Հիսուսի անունով: Դա ավելին է, քան մի արտահայտություն, որով ավարտում ենք մեր աղոթքը: Հիսուսի անվան մեջ ներկայացվում է Աստծո ամբողջ էությունը և այն գործերը, որոնք անում է Նա: Աստվածաշնչի անգլերեն «Ընդլայնված թարգմանությունն» ասում է, որ երբ խնդրում ես Նրա անունով, դու քո խնդրվածքը ներկայացնում ես Հորը Հիսուսի Ով լինելու հիմքի վրա: Ուստի դու համարձակությամբ կարող ես ակնկալել, որ այդ խնդրվածքները կտրվեն քեզ, ոչ թե այն բանի համար, որ դու դրան արժանի ես, այլ Հիսուսի Ով լինելու շնորհիվ:
Եվ ավելին՝ Հիսուսի անունը իշխանություն ունի բոլոր անունների վրա: Փիլիպեցիների 2: 9, 10-ում Պողոս առաքյալն ասում է. «Դրա համար էլ Աստված շատ բարձրացրեց Նրան և Նրան մի անուն շնորհեց, որ ամեն անունից բարձր է: Որ Հիսուսի անունով կրկնվի ամեն ծունկ երկնավորների և երկրավորների և երկրի տակ լինողների»:
Սակայն Աստծո Խոսքը ինչ էլ ասի Հիսուսի անվան զորության մասին, շատ հավատացիալներ, կարծես դրան այդքան էլ կարևորություն չեն տալիս: Նրանք աղոթում են Հիսուսի անունով, իսկ հետո շրջվում և ասում են. «Ես հույս ունեմ, որ Աստված կպատասխանի այս աղոթքին»: Նրանք չեն հասկանում, որ եթե միայն հավատք ունենան դրան հավատալու համար, ապա Հիսուսի անունը բավականաչափ ազդեցություն ունի երաշխավորելու, որ իրենց աղոթքը կպատասխանվի:
Նրանք նույնիսկ թույլ են տալիս, որ կրոնական բառապաշարը իրենցից խլի Հիսուսի անունն օգտագործելու զորությունը: Շատ անգամ եմ լսել, թե ինչպես են որոշ հավատացիալներ իրենց աղոթքն ավարտում հետևյալ արտահայտությամբ. «Հանուն Հիսուսի»: Բայց Հիսուսը չի ասել, որ աղոթենք հանուն Իրեն, այլ Իր անունով:
Ես ինքս գործել եմ այդպիսի սխալ: Մի գիշեր, երբ ստամոքսս ուժեղ ցավում էր, ես աղոթեցի. «Օ~, հանուն Հիսուսի բժշկի՛ր իմ ստամոքսը»:
Մի քանի անգամ այդպես ասելուց հետո Աստված իմ ներսում ասաց. «Մի րոպե, ո՞ւմ ստամոքսն է ցավում, Ի՞մ, թե՞ քո»:
«Իմ»,- պատասխանեցի ես:
Եվ Նա շատ հստակ ձևով ասաց. «Այդ դեպքում աղոթի՛ր հանուն քո ստամոքսի Իմ անունով»:
Հիսուսի անունով: Ուսումնասիրի՛ր Աստծո Խոսքը և տե՛ս, թե որքան զորություն և իշխանություն ունի այդ անունը: Եվ ամեն անգամ աղոթելիս օգտագործի՛ր այդ զորությունը: Այլևս ոչ թե հուսա, որ Աստված կպատասխանի, այլ սպասի՛ր, որ Աստված այնպես կանի, որ քո կյանքում ամեն իրավիճակ ծունկ կծալի այդ փառավոր անվան առաջ:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հովհաննեսի 16: 13-24

Հոկտեմբերի 15

Քենեթ Քոփլանդ

Թագավորի սիրտը

«Թագավորների սիրտը ջրի վտակների պես է Տիրոջ ձեռքին, դեպի ուր որ էլ ուզենա, կդարձնի»:

Առակաց 21: 1

Մի պահ մտածի՛ր սրա մասին: Աստված իրավունք է վերապահում կարիքի դեպքում փոխելու ազգի առաջնորդի կամքը, որպեսզի Իր ժողովրդին ղեկավարեն Իր կամքի համեմատ:
Եվ ավելին՝  Աստված լսում է ցանկացած ղեկավար անձի աղոթքը: Նույնիսկ եթե նա աշխարհի ամենավերջին սրիկան է: Նա լսեց ծեր Նաբուգոդոնոսոր թագավորի աղոթքը: Եվ հավատացեք ինձ, դա նշանակում է, որ Նա կլսի ցանկացած առաջնորդի աղոթքը:
Նաբուգոդոնոսորը Բաբելոնի թագավորն էր: Նա անաստված ազգի անաստված ղեկավարն էր: Եվ Նա Հուդայի երկրից գերիներ էր վերցրել: Նրա իշխանության տակ էին գտնվում Աստծո ժողովրդից մարդիկ: Եվ Աստված սկսեց աշխատել նրա հետ:
Աստված շարունակ զգուշացնում էր նրան. «Նաբուգոդոնոսո՛ր, եթե չուղղվես, դու խելքդ կթռցնես»: Եվ, իհարկե, նա ամբողջովին խելագարվեց:
Նա տարիներ շարունակ մնաց այդ վիճակում: Հետո մի օր կանչեց Աստծուն, Աստված լսեց նրան:
Թեև նա հեթանոս ազգի հեթանոս առաջնորդ էր, Աստված արագ արձագանքեց Նաբուգոդոնոսորին, երբ նա վերջապես օգնության կանչեց Իրեն: Ինչո՞ւ: Որովհետև նրա իշխանության տակ նաև Աստծո ժողովրդից մարդիկ էին գտնվում:
Այդ նույն սկզբունքը գործում է նաև այսօր: Եթե մենք բացենք այդ ճանապարհը աղոթքի միջոցով, Աստված մեր առաջնորդներին էլ կփոխի:
Եթե խոնարհեցնենք մեր անձերը միաբանության և աղոթքի մեջ, Աստված կարող է փոխել մեր կամ այլ երկրում գոյություն ունեցող անարդարությունն ու կաշառակերությունը: Նա Սպիտակ տնից սկսած կարող է այնպես փոխել բոլորի սրտերը, որ Իր ժողովրդին արդարությամբ իշխեն:
Այսօր որոշո՛ւմ կայացրու, որ աղոթելու ես քո երկրի ղեկավարների համար:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Դանիել 4: 1-37

Հոկտեմբերի 16

Քենեթ Քոփլանդ

Համբերությունը գործի՛ դիր

«Ուրեմն դեն մի՛ գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցում ունի: Որովհետև համբերություն է պետք ձեզ, որ Աստծո կամքն անելով՝  խոստումը ստանաք»:

Եբրայեցիների 10: 35, 36

Շատերս համբերության մասին խեղաթյուրված կարծիք ունենք: Մեզ թվում է, թե դա մի բան է, որն օգնում է մեզ արժանապատվությամբ տանել պարտությունը: Սակայն, համաձայն այս աստվածաշնչյան տողերի, այն մեզ դնում է  հաջողության ուղու վրա:
Հմաբերությունը (կամ միշտ կայուն լինելը) հավատքի մյուս գործընկերն է: Սրանք միասին այնպես են գործում, որ Աստծո խոստումներն իրականանան քո կյանքում:
Օրինակ, ասենք, դու աշխատանքի կարիք ունես: Դու կարող ես Աստվածաշունչը բացել և հստակ տեսնել, որ Աստված խոստանում է բավարարել քո կարիքները: Դու կարող ես տեսնել որ Աստծուն հաճեցնում է Իր ծառաների բարգավաճումը: Երբ դա հասկանաս, կպարուրվես հավատքով և կգոչես. «Ալելո~ւիա, ես ունեմ ինձ հարկավոր աշխատանքը»:
Բայց ի՞նչ կկատարվի այդ հավատքի հետ վաղն առավոտյան, երբ գնաս երեք հարցազրույցի և երեքից էլ մերժում ստանաս: Ի՞նչ պետք է անել դրանից հետո: Ահա այստեղ է պետք համբերությունը գործի դնել: Այդ ժամանակ է, որ դու պետք է որոշում կայացնես կայուն մնալ և վարվել այնպես, կարծես ոչինչ էլ չի փոխվել:
Ճշմարտությունն այն է, որ եթե դու քո վստահությունն Աստծո Խոսքի վրա ես դրել, ուրեմն ոչինչ էլ չի փոխվել: Որովհետև Խոսքն ասում է ճիշտ այն, ինչ երեկ էր ասում:
Ուրեմն, եթե դու գործի դնես համբերությունը, կիմանաս, թե ինչ ես ասելու այդ երեք անհաջող հարցազրույցներից հետո: Դու կասես՝ «Ալելո~ւիա, ես ունեմ ինձ հարկավոր աշխատանքը», ինչպես որ առաջ էիր ասում:
Հասկանո՞ւմ ես,
հավատքը քեզ համար դուռ է բացում Աստծո խոստումի առջև, իսկ համբերությունը այդ դուռը բաց է պահում մինչև խոստումի կատարվելը:
Արդյո՞ք քո հավատքն այսօր Աստծո Խոստումի վրա է հիմնված, մի Խոստում, որին երկար ժամանակ ես սպասում: Թույլ մի՛ տուր, որ հապաղումը վհատեցնի  քեզ: Գործի՛ դիր համբերությունը: Խոսքը երաշխավորում է, որ դու կպարգևատրվես:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Եբրայեցիների 6: 10-15

Հոկտեմբերի 17

Գլորիա Քոփլանդ

Ապրել սիրո կյանքով

«Ոչ ոք Նրանից ավելի մեծ սեր չունի, որ մեկն իր անձը դնի իր բարեկամների համար»:

Հովհաննեսի 15: 13

Մենք հաճախ մտածում ենք, որ կյանքը ուրիշի համար դնել նշանակում է մահանալ: Հիսուսը հենց դա արեց: Նա այնքան շատ սիրեց մեզ, որ Իր կյանքը դրեց՝ մահանալով մեր փոխարեն, որպեսզի մենք կարողանանք ապրել:
Բայց հիմա Հիսուսը խնդրել է մեզ, որ այլ կերպ դնենք մեր կյանքերը: Նա խնդրել է ցույց տալ մեր սերը ոչ թե ուրիշների համար մահանալով, այլ նրանց համար ապրելով:
Իրականում ի՞նչ է սա նշանակում:
Երբեմն նշանակում է մեր կյանքերը դնել ժամանակ տրամադրելով ուրիշի համար աղոթելու գործում: Մեկ այլ դեպքում նշանակում է մեր անձերը տալ սիրով և հասկացողությամբ: Շատ անգամ նշանակում է մի կողմ թողնել եսակենտրոն ցանկությունները, որպեսզի լրացնենք ուրիշների կարիքները:
Հռոմեացիների 15: 1-ն այն  այսպես է ձևակերպում. «Արդ մենք, հավատքով արդարացած լինելով, Աստծո հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով»:
Երբ դնում ես քո կյանքը, դու ապրում ես Աստծուն հաճեցնելու համար և ոչ թե ինքդ քեզ: Դու թույլ ես տալիս, որ քո կյանքը առաջնորդվի Նրա սիրով: Երբ Սերը քեզ առաջնորդում է դեպի կողքի հարևանը, դու հետևում ես այդ առաջնորդությանը: Երբ Սերը կանչում է, որ բարեխոսես ինչ-որ մեկի համար, դու տրվում ես այդ գործին:
Այսօր վճռի՛ր, որ թողնելու ես քո սեփական կյանքը Սիրո կյանքը վերցնելու համար:
Ասա. «Հա՛յր, Հիսուսի անունով ես Քո Խոսքում տեսնում եմ, որ Դու կամեցար ամբողջ մարդկության համար դնել Քո Անձը Քո Որդու միջոցով»: Ես գիտակցում եմ, որ, քանի որ Հիսուսը իմ կյանքի Տերն է, ես էլ եմ կանչված իմ կյանքը ուրիշների համար դնելու: Ես այսօր ընտրում եմ այդ կոչումը:
Ես կտամ իմ ժամանակը: Ես կտամ իմ մեջ բնակվող Քո սերը: Ես ուժեղ կլինեմ և կբարձրացնեմ տկարներին: Ես միշտ Քո տրամադրության տակ կլինեմ, որ ինձ օգտագործես, որպեսզի իմ շուրջը գտնվող մարդիկ կարողանան վերապրել այն ավելցուկով կյանքը, որը Դու տվել ես:
Տե՛ր, Դու ինձ սիրել ես գոյություն ունեցող ամենամեծ սիրով: Եվ ինձ համար մեծ արտոնություն է այդ սերը ուրիշների հետ բաժնեկցելը: Ես շնորհակալ եմ Քեզ դրա համար, Հիսուսի անունով: Ամեն:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Գաղատացիների 5: 22-26

Հոկտեմբերի 18

Գլորիա Քոփլանդ

Ավանդույթից դեպի Ճշմարտություն

«Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, և մի՛ մոռացիր Նրա բոլոր բարիքները: Որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո ամեն ցավերը»:

Սաղմոս 103: 2-5

Արդյոք աստվածային նպատակ կա՞ բոլոր այն վատ երևույթների ետևում, որ կատարվում են քո կյանքում: Հնարավո՞ր է, արդյոք, որ բոլոր հիվանդություններն ու դժբախտությունները Աստծո ծրագրի մի մասն են կազմում քո կյանքի համար:
Նախքան բժշկվելը և Աստծո ազատագրող զորությունը վերապրելը դու պետք է իմանաս այս հարցերի պատասխանները: Դու պետք է մեկընդմիշտ լուծես այս հարցերի պատասխանները: Եթե նույնիսկ կասկածում ես, որ Աստված է քո դժբախտությունների աղբյուրը, ուրեմն չես կարող հավատալ, որ Նա կազատի քեզ դրանցից: Քո հավատքը անդամալույծ կլինի, որովհետև դու կմտածես, որ նման բաներից փախչելով՝ դու հակառակվում ես Նրա կամքին:
Որպեսզի ստանաս բոլոր այն օրհնությունները, որոնք Աստված ցանկանում է տալ քեզ, դու պետք է լիովին համոզված լինես, որ Նա Բարի Աստված է: Դու պետք է վստահ լինես, որ Նրա կամքը քեզ համար առողջություն է և ոչ թե հիվանդություն, բարգավաճում է և ոչ թե աղքատություն, ուրախություն է և ոչ թե վիշտ, և սա միշտ գործում է 100 տոկոսով: Սաղմոս 103-ը բավական է ապացուցելու համար, որ սա Ճշմարտություն է: Եթե դա բավական չէ քեզ համոզելու համար, ապա շատ բազում աստվածաշնչյան տեղեր կան, որոնցից է Սաղմոս 136: 1-ը. «Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է Նրա ողորմությունը»:
Եթե կրոնական ավանդույթները քեզանից գողացել են Աստծո բարությունը, եթե քեզ սովորեցրել են, որ Նա է քո կյանքում նեղություններ բերողը, այդ դեպքում Աստված քեզ սովորեցնելու բան ունի: Սկսի՛ր այսօրվանից լվանալ ու հեռացնել այդ ավանդույթները Ճշմարտության միջոցով: Բացի՛ր քո Աստվածաշունչը և թո՛ւյլ տուր, որ Աստված Իր սեփական Խոսքի միջոցով ցույց տա, որ Բժշկող Աստված է (Ելից 15: 26): Խորացի՛ր Խոսքի մեջ և տե՛ս, որ Նա ողորմության (Սաղմոս 86: 5), բարության (Երեմիա 9: 24) և գթասրտության Աստված է (Սաղմոս 145: 8):
Մի կո՛ղմ դիր քո կասկածները և բացի՛ր սիրտդ՝ ընդունելու քո երկնային Հոր մասին Ճշմարտությունը: Դա միակ բանն է, որ իսկապես կարող է քեզ ազատ արձակել:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Սաղմոս 89: 1-28

Հոկտեմբերի 19

Քենեթ Քոփլանդ

Թույլ մի՛ տուր, որ բաժանումները խանգարեն քո աճին

«Եվ ես, եղբայրնե՛ր, չկարողացա ձեզ հետ խոսել ինչպես հոգևորների հետ, այլ ինչպես մարմնավորների հետ, ինչպես մանուկների հետ Քրիստոս Հիսուսում: Կաթ խմեցրի ձեզ և ոչ թե կերակուր, որովհետև տակավին չէիք կարող, այլ հիմա էլ դեռ չեք կարող: Որովհետև տակավին մարմնավոր եք, քանի որ տակավին նախանձ, կռիվ և բաժանումներ կան ձեր մեջ...»:

Ա Կորնթացիների 3: 1-3

Նախանձը, կռիվները և բաժանումները Կորնթոսի վաղ եկեղեցու քրիստոնյաներին ետ էին բերել իրենց աշխարհիկ, մարմնական վիճակին, որում գտնվում էին նախքան վերստին ծնվելը: Այդ ամենն այնքան էր դանդաղեցրել նրանց հոգևոր աճը, որ նույնիսկ չէին հասկանում, թե ինչ էր Պողոս առաքյալը ցանկանում սովորեցնել:
Սատանան այսօր էլ ուղարկում է այդ բաժանման ոգին: Նա գիտի, որ իր մեջ բաժանումներ ունեցող տունը կքանդվի: Նա գիտի նաև, որ եթե մենք բոլորս միաբանվենք մեր հավատքով, ապա կհասնենք Քրիստոսի կատարյալ հասակի չափին (Եփես. 4: 13): Ուստի նա մի բաժանման հոգի է ուղարկել, որ գործի մեր անձնական կյանքում, մեր եկեղեցական կյանքում, մեր հասարակական կյանքում և մեր ընտանեկան կյանքում: Ինչ նպատակ որ սատանան ուներ Կորնթոսի համար, նույնն էլ ունի մեզ համար. կանգնեցնել մեր հոգևոր աճը, բերել նախանձ, կռիվ և բաժանում:
Բայց մենք չպետք է տրվենք այդ ոգուն: Պողոսն ասում է. «Բայց ճշմարտություն խոսելով սիրո մեջ՝  աճենք նրանում ամեն բանով, որ է գլուխը՝ Քրիստոսը»:
Համեմատենք «Ճշմարտությունը խոսենք սիրով»  արտահայտությունը «նախանձ, կռիվներ և բաժանումներ» արտահայտության հետ: Սրանք բացարձակ հակասություններ են, չէ՞: Դու չես կարող միևնույն ժամանակ երկուսն էլ անել: Երբ սիրով ասում ես Ճշմարտությունը, դու աճում ես: Երբ նախանձում ես, փքվում և բաժանվում մյուսներից, դու երեխայություն ես անում:
Թույլ մի՛ տուր, որ սատանան կանգնեցնի քո հոգևոր աճը՝ ենթարկելով քեզ բաժանման ոգուն, այլ խոսի՛ր Ճշմարտությունը սիրով և «աճի՛ր ամեն բանում Նրա մեջ»:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հակոբոսի 4: 1-11

Հոկտեմբերի 20

Գլորիա Քոփլանդ

Դեղատոմս կյանքի համար

«Եվ Նա ժողովրդին Իր աշակերտների հետ Իր մոտ կանչեց և նրանց ասաց. «Ով որ ուզում է Իմ ետևից գալ, թող իր անձը ուրանա և իր խաչը վեր առնի և Իմ ետևից գա: Որովհետև ով որ կամենա իր անձը ապրեցնել, կկորցնի այն, և ով որ ին անձը Ինձ համար և Ավետարանի համար կորցնի, նա կապրեցնի նրան»:

Մարկոսի 8: 34, 35

Այս խոսքերն ասելիս Հիսուսը պարզապես ցուցումներ չէր տալիս, թե ինչպես կարելի է երկինք գնալ: Նա ասում էր, թե ինչպես կարող ենք հիանալի կյանքով ապրել այստեղ՝  երկրի վրա:
Գիտե՞ս, մենք հենց այստեղ կարող ենք գերազանց կյանքով ապրել: Բայց դրանից օգտվելու համար մենք պետք է հրաժարվենք այն կյանքից, որին շատերս սովոր ենք: Մենք պետք է թողնենք շատ բաներ, որոնք փորձում էինք պահել ամեն գնով: Դրա փոխարեն մեր սրտերում պետք է դնենք այն, ինչ Աստված է ցանկանում, որ անենք:
Հիսուսը հենց այդպես վարվեց: Նա Իր կյանքը Իր համար չապրեց: Նա ապրեց  կատարելապես Աստծո համար: Նա անում էր միայն այն, ինչ Աստված էր ասում: Եվ Նա ապրեց կատարյալ հաղթական կյանքով:
Ժամանակն է հասկանանք, որ վերստին ծնվելը պարզապես դժոխքից խուսափելու միջոց չէ: Մեր նպատակը Աստծուն հաճեցնելն է, որպեսզի մեր կյանքերը դնենք Նրա ցանկությունները կատարելու համար, լինել Նրա հատուկ սեփականությունը այս երկրի վրա և անել ամեն բան, ինչ Նա կասի մեզ: Մեր առաջնային խնդիրը պետք է լինի Նրան նվիրվելը և Նրա հետ հաղորդության մեջ մտնելը: Պետք է բավականաչափ ժամանակ անցկացնենք Նրա հետ, որպեսզի լսենք Նրա ձայնը և պատասխանենք հնազանդությամբ:
Միայն այդպես վարվելուց հետո մենք կկարողանանք ապրել այն հիանալի կյանքով, որին փափագում ենք:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Գործք առաքելոց 20: 7-24

Հոկտեմբերի 21

Քենեթ Քոփլանդ

Ուխտով տրված բարգավաճում

«Այլ հիշի՛ր քո Եհովա Աստծուն, որովհետև Նա է հարստություն ստանալու համար քեզ ուժ տվողը, որ քո հայրերի հետ Իր երդումով արած ուխտը հաստատի»:

Երկրորդ օրինաց 8: 18

Ինչո՞ւ է Աստված ցանկանում, որ Իր ժողովուրդը բարգավաճի: Որ ավելի մեծ հեռուստացույցնե՞ր ունենանք: Որ ավելի շքեղ տներ և ավելի ճոխ մեքենանե՞ր կարողանանք գնել:
Բարգավաճման համար Աստծո նպատակը հետևյալն է. հաստատել Աստծո ուխտը երկրի վրա և տալ կարիքավորներին:
Ես լսել եմ, թե ինչպես են մարդիկ ասում. «Դե՛, եղբայր Քոփլանդ, Հիսուսի ծառայությունը աղքատիկ էր, Նա հազիվ էր ծայրը ծայրին հասցնում»: Դա ծիծաղելի է: Ամբողջ Հին կտակարանում կարող ես տեսնել, որ Աստված նյութական օրհնություններ է խոստանում բոլոր նրանց, ովքեր կքայլեն կատարելությունով և արդարությունով Իր առջև: Եթե Աստված Հիսուսին ֆինանսապես չօրհներ, Նա  կխախտեր Իր իսկ Խոսքը:
Հիսուսը երբեք Իր համար աշխարհիկ կայսրություն չստեղծեց: Բայց սա չի նշանակում, որ Նա աղքատ էր, այլ այն, որ Նա ամենամեծ զոհաբերողն էր, Ով երբևէ ապրել է այս երկրի երեսին, և ժամանակն է, որ մենք էլ հետևենք Նրա քայլերին:
Եթե մենք սկսենք մարդկանց օրհնել, նրանց կարիքները հոգալ, ապա մեզ ավելի հեշտությամբ կհաջողվի շահել նրանց սրտերը:
Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կկատարվի մի սովահար ազգի սրտի հետ, եթե մի մեծ ինքնաթիռով ուտելիք, հագուստ և բուժօգնություն բերես նրանց Հիսուսի սիրով և Նրա անունից: Այդ մարդկանց սրտերը կփափկեն: Նրանք պատրաստ կլինեն լսելու այն ամենը, ինչ ասենք Հիսուսի մասին:
Թույլ մի՛ տուր, որ ինչ-որ մեկը քեզ ասի, թե բարգավաճելը սխալ է: Սխալ է, եթե չես ցանկանում բարգավաճել, երբ այդ բարգավաճումը կարող է միլիոնավոր մարդկանց համար երկնքի և դժոխքի հարց լուծել:
Մոռացի՛ր քո սեփական կարիքները: Բարձրացրո՛ւ քո տեսիլքը և ցանկացի՛ր օրհնել, որպեսզի լրացնես ինչ-որ մեկի կարիքը, որպեսզի հաստատես Աստծո ուխտը այս երկրի վրա: Այնուհետև ամո՛ւր կանգնիր հավատքով և պատրա՛ստ եղիր վայելելու ամենամեծ բարգավաճումը, որի մասին երբեք չես լսել:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Երկրորդ օրինաց 8: 11-18

Հոկտեմբերի 22

Գլորիա Քոփլանդ

Երբ գալիս են դժվար ժամանակները

«Բայց եկեղեցիները բոլոր Հրեաստանի՝ Գալիլեայի և Սամարիայի մեջ խաղաղություն ունեին, շինվում էին և Տիրոջ երկյուղին հետևում: Եվ Սուրբ Հոգու մխիթարությամբ շատանում էին»:

Գործք առաքելոց 9: 31

Լինում են ժամանակներ, երբ այս աշխարհում կյանքը դառնում է դժվար, տհաճ և երբեմն էլ խիստ ցավալի: Երբ նման ժամանակներ են գալիս, քեզ անմիջապես մխիթարություն է հարկավոր, որը կարող է տալ միայն Սուրբ Հոգին:
Իսկ ինչպե՞ս կարելի է ստանալ նման մխիթարություն:
Պարզապես անելով այն, ինչ Գործք առաքելոցի հավատացիալներն էին անում. «Տիրոջ երկյուղին հետևելով»:
Հիմա, երբ ես խոսում եմ «Աստծո երկյուղի» մասին, խնդրում եմ, ինձ ճիշտ հասկացիր: Ես չեմ ասում, որ դու պետք է վախենաս Աստծուց: Նա քո Հայրն է: Երբ դու կանգնում ես Նրա առաջ, դու պետք է համարձակությամբ և առանց վախի մոտենաս, ինչպես մի երեխա, ով գիտի, որ իրեն շատ են սիրում: Բայց դու նույնպես այնքան հարգանք պետք է ունենաս Նրա հանդեպ, որ երբ Նա ինչ-որ բան հայտնի քեզ, որ անես, դու անմիջապես գործի անցնես, նույնիսկ եթե այն քո ցանկություններին հակառակ է: Դա նշանակում է քայլել Տիրոջ երկյուղի մեջ:
Թույլ տուր բացատրեմ, թե ինչ եմ ուզում ասել: Մի քանի տարի առաջ մի տագնապալի զանգ ստացա քարոզելուց մեկ-երկու րոպե առաջ: Դա ցավալի մի լուր էր այն մասին, որ իմ երեխաներից մեկի հանդեպ շատ սխալ էին վարվել: Այդ լուրը խոցեց իմ սիրտը:
Ես լաց եղա և ցանկանում էի բարկանալ ու մի լավ հակահարված տալ: Բայց դրա փոխարեն ես սկսեցի լեզուներով աղոթել: Եվ երբ աղոթում էի, Սուրբ Հոգին հուշեց, որ ցնծամ և փառաբանեմ Տիրոջը:
Անշուշտ, փառաբանելու ոչ մի ցանկություն չունեի: Ես ուզում էի ոտքերով դոփել: Բայց Տիրոջ հանդեպ իմ հարգանքից ելնելով ես իմ զգացմունքները մի կողմ դրեցի և հնազանդվեցի: Հետո Սուրբ Հոգին դրդեց, որ գնամ և հատուկ մի մարգարեություն կարդամ: Երբ դա արեցի, կարող եմ ասել, որ ուժեղացա:
Հետո հասկացա, որ ազատ եմ: Իմ հնազանդության միջոցով ես ինքս ինձ բացեցի Սուրբ Հոգու մխիթարող զորության առջև: Այն բարկությունը և ցավը, որ պարուրել էին ինձ մի քանի րոպե առաջ, հեռացան: Դրանց փոխարինելու եկան Տիրոջ գորովալի սերը և հաստատությունը:
Անկախ այն բանից, թե ինչ ցավալի կամ դժվարին իրավիճակում ես այսօր հայտնվել, վստահի՛ր և հնազանդվի՛ր քո Հոր առաջնորդությանը: Նա կտա քեզ այդ գերբնական, Սուրբ Հոգուց ներշնչված մխիթարությունը:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Մատթեոսի 4: 1-11

Հոկտեմբերի 23

Քենեթ Քոփլանդ

Ընտրի՛ր Կյանքը

«Որովհետև մարմնի խորհուրդը մահ է, և հոգու խորհուրդը՝  կյանք և խաղաղություն»:

Հռոմեացիների 8: 6

Եթե հնարավորություն ունենայիր ընտրելու կյանքը կամ մահը, ո՞րը կընտրեիր: Պատասխանը ակնհայտ է թվում: Բայց իրականում այդպես չէ:
Հասկանո՞ւմ ես, մահն ընտրելը դեռ չի նշանակում նետվել մոտակա ժայռից: Սա ավելի նուրբ խնդիր է:
Աստվածաշունչն ասում է, որ մարմնական մտածելակերպ ունենալը, ներկայիս աշխարհիկ կյանքով ապրելը մահ է նշանակում: Աստվածաշունչը նաև ասում է, թե ինչ է կյանքը: Առակաց 4: 20-22-ն ասում է. «Որդյա՛կս, ուշադի՛ր եղիր Իմ խոսքերին և ակա՛նջ տուր Իմ ասածներին... քանի որ դրանք կյանք են»:
Աշխարհիկ մտածելակերպ ունենալը մահ է: Խոսքի վրա հիմնված մտածելակերպ ունենալը կյանք է:
Ղուկասի 10-ում խոսվում է մի պատմության մասին, որը շատ հստակ նկարագրում է այս սկզբունքը: Դա Մարիամի և Մարթայի պատմությունն է: Դու հավանաբար հիշում ես այն: Մարիամը նստած էր Հիսուսի ոտքերի մոտ և լսում էր Նրա ուսմունքները, մինչ Մարթան զբաղված էր խոհանոցում բոլորի համար ճաշ պատրաստելով:
Ի վերջո, Մարթայի համբերությունը սպառվեց: Նա եկավ Հիսուսի մոտ և ասաց. «Տե՛ր, հոգդ չէ՞, որ քույրս ինձ մենակ թողեց ծառայելու, ուրեմն ասա՛ նրան, որ օգնի ինձ»: Հիսուսը պատասխանեց. «Մարթա՛, Մարթա՛, դու հոգս ես քաշում ու շատ բաներով զբաղված ես: Բայց մի բան է պետք: Մարիամը Բարի բաժինն ընտրեց, որը չի վերցվի նրանից» (Ղուկ. 10: 41, 42):
Մարիամը ամեն բան մի կողմ էր դրել, որպեսզի կարողանար լսել Խոսքը: Բայց Մարթան թույլ էր տվել, որ կարևոր թվացող կենցաղային հոգսերը ավելի կարևոր լինեն, քան Խոսքը: Նա ընտրել էր մահը և ոչ թե Կյանքը:
Հիմա տեսնո՞ւմ ես, թե ինչ հեշտությամբ կարելի է հայտնվել նման իրավիճակում:
«Բայց, եղբա՛յր Քոփլանդ, իմ կյանքը կքանդվի, եթե ես ամբողջ ժամանակս կյանքի հոգսերի վրա չծախսեմ»:
Իրո՞ք: Երևի Մարթան նույնպես նման բան էր մտածում: Գուցե նա մտածում էր, որ եթե ճաշ չպատրաստեր այդ ժողովրդի համար, նրանք սոված կմնային: Բայց հաստատ սոված չէին մնա: Հիսուսը նախկինում էլ հազարավորների կերակրել էր հրաշքով, և Նա նորից կարող էր անել դա Մարթայի տանը: Մարթան կարող էր գցել իրեն Հիսուսի ոտքերի մոտ և հետո մեծ խնջույք վայելել Աստծո հաշվին:
Մի՛ կրկնիր Մարթայի սխալը: Թույլ մի՛ տուր, որ հոգսերն այնպես կլանեն քեզ, որ ընտրես մահը: Որոշի՛ր Աստծո Խոսքը առաջին տեղում դնել: Ընտրի՛ր Կյանքը:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հռոմեացիների 8: 5-13

Հոկտեմբերի 24

Գլորիա Քոփլանդ

Աստված նույնպես կգնա

«Եվ նա, որ Տիրոջն է հարում, մեկ հոգի է Նրա հետ»:

Ա Կորնթացիների 6: 17

Մեկ անգամ ես լսեցի Աստծո հզոր մի ծառայողի մասին, ով ամեն անգամ իր կոստյումը հագնելիս նայում էր հայելու մեջ և ասում. «Կոստյո՛ւմ, այսօր ուր որ գնաս, Աստված քո մեջ է լինելու»: Եվ գիտե՞ս, նա իրավացի է: Եթե դու միաբանվել ես Աստծո հետ, ընդունել Հիսուսին որպես քո Տեր, այսօր ուր որ գնաս, Աստված նույնպես այնտեղ կգնա: Որպես հավատացիալներ՝ մենք պետք է ավելի ու ավելի գիտակցենք սա: Մենք պետք է վարժեցնենք մեզ այն մտքին, որ Աստված մեր ներսում է, խոսում է մեզ հետ, սովորեցնում է մեզ, խորհուրդներ է տալիս, զորացնում և օծում է մեզ Իրենով:
Մենք անդադար պետք է ինքներս մեզ հիշեցնենք, որ մենք մեկ ենք Նրա հետ: Այսինքն՝ ամեն անգամ, երբ ինչ-որ մի խնդրի առաջ ենք կանգնում, երբ հանդիպում ենք մի չար հոգու, որը փորձում է ներգործել մեր կյանքի վրա և խանգարել մեզ, Աստված էլ նույն բանին է հանդիպում: Երբ մենք կանգնում ենք նման բաների առաջ, Աստված էլ է կանգնում: Եվ Նա արդեն հաղթահարել է դրանք:
Թույլ տուր քաջալերեմ քեզ, որ երբ այսօր հագնվես և նայես հայելու մեջ ասես. «Ես միաբանված եմ Տիրոջ հետ և Նրա հետ մեկ հոգի եմ: Մարմի՛ն, այսօր ուր որ գնաս... Աստված էլ է գնալու հետդ: Աստված քո մեջ է: Աստծո զորությունը քո մեջ է: Աստծո իմաստությունը քո մեջ է: Աստծո հաղթանակը քո մեջ է»:
Ամեն օր այդ նույն բաները ասա՛ քեզ օրը մի քանի անգամ: Եվ այդպես շարունակի՛ր, մինչև որ նման մտածելակերպը սովորություն դառնա: Այդպե՛ս արա, որպեսզի միշտ գիտակցես այն իրականությունը, որ Աստված ապրում է քո մեջ:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ա կորնթացիների 6: 17-20

Հոկտեմբերի 25

Քենեթ Քոփլանդ

Ազատվի՛ր գորտերից

«Ժամանակ որոշի՛ր ինձ համար, թե երբ քեզ համար և քո ծառաների համար և ժողովրդիդ համար աղաչեմ, որ քեզանից և քո տներից գորտերը կորչեն, և միայն գետի մեջ մնան»:

Ելից 8: 9

Երբևէ պայքարե՞լ ես մի այնպիսի խնդրի դեմ, որը համառորեն հրաժարվել է հեռանալ: Այն կարծես իմունիտետ ունենա բոլոր այն լուծումների հանդեպ, որոնք դու կիրառում ես: Ամեն հնարավոր ձևով դու պայքարում ես դրա դեմ, բայց այն հեռանալու փոխարեն ծավալվում և այնքան է ընդլայնվում, որ ամբողջությամբ անկառավարելի է դառնում:
Աստվածաշունչն ասում է, որ հազարավոր տարիներ առաջ Եգիպտոսի փարավոնը հենց նման խնդրի առաջ էր կանգնել: Նա Աստծո հետ թեժ բանավեճի մեջ էր իսրայելացիների ապագայի հարցի շուրջ, և դրա արդյունքում մի առավոտ նա արթնացավ և տեսավ, որ իր երկրում ամենուր գորտեր են վխտում, լպրծուն, գարշահոտ գորտեր, որոնք այս ու այն կողմ էին ցատկում:
Դա լուրջ պրոբլեմ էր: Ես չեմ խոսում բակի մեկ կամ երկու գորտի մասին: Ուզում եմ ասել, որ գորտերն ամենուր էին՝ անկողիններում, սեղանների վրա, վառարաններում, հացի խմորի և խմելու ջրի մեջ, մազերի մեջ և ամենուր:
Հետո Աստված քայլ արեց: Նա ուղարկեց Իր մարդուն՝ Մովսեսին, որ գնա փարավոնի մոտ և հարցնի. «Ե՞րբ Աստծուն աղաչեմ, որ այս գորտերին հեռացնի այստեղից»:
Գիտե՞ս, թե փարավոնն ինչ պատասխանեց:
«Վաղը»: Կարո՞ղ ես պատկերացնել դա: Նա կարող էր ասել. «Հենց հիմա՛: Այսօ՛ր»: Բայց դրա փոխարեն նա որոշեց ևս մեկ գիշեր անցկացնել գորտերի հետ:
Դու կասես. «Նման հիմար բան կյանքումս չեմ լսել: Ինչո՞ւ փարավոնը այդ գործը վաղվան թողեց»: Չգիտեմ: Գուցե պատճառը նույնն է, ինչպես որ դու ես ցանկանում սպասել մինչև վաղը փրկվելու, բժշկվելու կամ էլ բարգավաճելու համար:
Ես ցանկանում եմ, որ դու ուշադրություն դարձնես սրա վրա: Երբ Մովսեսը փարավոնին տվեց այդ հարցը, և վերջինս էլ պատասխանեց՝ վաղը, Մովսեսն ասաց. «Շատ լավ: ՔՈ ԽՈՍՔԻ ՊԵՍ ՔԵԶ ԼԻՆԻ, որ իմանաս, որ երկնքում Աստված կա»:
Թույլ տուր հարցնեմ քեզ. որքա՞ն ես թույլ տալու, որ այդ խնդիրը անհանգստացնի քեզ: Ե՞րբ ես ազատվելու քո կյանքի գորտերից: Հասկանո՞ւմ ես արդյոք, որ նրանք կմնան այնքան ժամանակ, որքան որ թույլ տաս: Դրանք քեզ հետ կլինեն այնքան ժամանակ, մինչև որ ամուր որոշում կայացնես հետևել Աստծո Խոսքին և դուրս վռնդել դրանց:
Ինչո՞ւ հիմա չանել դա:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ելից 8: 1-13

Հոկտեմբերի 26

Քենեթ Քոփլանդ

Զբաղեցրո՛ւ քո տեղը

«Բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ, Իր շատ սիրո համար, որ սիրեց մեզ, երբ  մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արեց Քրիստոսի հետ... Նրա հետ մեզ հարություն տվեց և Նրա հետ երկնավորներում նստեցրեց Քրիստոս Հիսուսում»:

Եփեսացիների 2: 4-6

Աստված մեզ հարություն տվեց, որպեսզի մենք երկնավորներում նստենք Հիսուս Քրիստոսի հետ: Այդպես է ասում Աստծո Խոսքը: Մեզանից շատ քչերն են համարձակվել հավատալ այս խոսքին: Մենք բարձրացրել ենք Հիսուսին: Մեծարել ենք Նրան: Այո՛, դա այդպես է: Բայց միևնույն ժամանակ ակամայից թերագնահատել ենք Նրա արածը՝ թույլ չտալով, որ Նա մեզ Իր կողքը նստեցնի:
Դա էր Աստծո նպատակը Գողգոթայի վրա. նստեցնել մեզ Հիսուսի կողքին: Մեզ դարձնել այն, ինչ Հիսուսն էր:
Հասկանո՞ւմ ես, Հիսուսին մեծարանք հարկավոր չէր: Նա մինչև այս աշխարհ գալը արդեն մեծարված էր: Այդ ժամանակ էլ Հիսուսը և Հայրը մեկ էին: Նա կարիք չուներ իշխանություն ձեռք բերել սատանայի վրա, քանի որ Նա երբեք էլ չէր կորցրել այդ իշխանությունը:
Նա ֆիզիկական մարմին հագավ, որպեսզի կարողանար աշխարհ գալ որպես մարդ և Իր ձեռքը վերցնել իշխանությունը մեղքի, հիվանդության, դևերի, վախերի, աղքատության և այլ անեծքների վրա, որոնք սկսել էին գործել այն ժամանակ, երբ մահվան օրենքն էր հաստատվել երկրի վրա: Եվ Հիսուսը վերցրեց այդ իշխանությունը: Նրան դա հաջողվեց: Նա մտավոր և ֆիզիկական բնագավառներում տիրապետում էր ամեն ինչի:
Նախքան համբարձվելը Նա ասաց. «Ամեն իշխանություն Ինձ տրվեց թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա»: Այնուհետև այդ իշխանությունը մեզ տվեց՝ տալով  Իր Անունը:
Հիսուսը աշխարհ եկավ, մահացավ և հարություն առավ ինձ և քեզ համար: Նա դա Իր համար չարեց: Հիսուսը դա արեց, որ մեզ Իր մոտ վերցնի, որպեսզի մենք կարողանանք վերցնել Նրա Անունը և գործածենք Նրա  իշխանությունը այս երկրի վրա: Նա  դա արեց, որպեսզի մենք կարողանանք կանգնել Աստծո առաջ և լինենք այն ամենը, ինչ Հիսուսն է:
Երբ դու վերստին ծնվեցիր, դու Քրիստոսում դարձար Աստծո արդարությունը: Ուրեմն, որպես վերստին ծնված հավատացյալ՝ համարձակությամբ ընդունի՛ր այս պատգամը, մտածի՛ր դրա շուրջ և գործի՛ր դրա  համեմատ:
Համարձակությո՛ւն  ունեցիր զբաղեցնել քո տեղը:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Եփեսացիների 2: 1-13

Հոկտեմբերի 27

Քենեթ Քոփլանդ

Մի՛ կառչիր կռահումներից

«Կանչի՛ր ինձ, և Ես քեզ պիտի պատասխանեմ, և Ես քեզ պիտի մեծամեծ և անհասանելի բաներ իմացնեմ, որ դու չգիտես»:

Երեմիա 33: 3

Ո՞մ ես դիմում դու, երբ օգնության կարիք ես զգում, երբ քեզ հարկավոր է պատասխան ինչ-որ կարևոր հարցի համար: Առաջինն Աստծո՞ւն ես հարցնում:
Շատ հավատացիալներ այդպես չեն վարվում: Նրանք ամբողջ օրը իրար հետ են խոսում՝ անհանգստությունից մատները ճրթճրթացնելով: Կամ հարցնում են իրենց հովվին, իրենց ընկերներին, ամուսիններին կամ կանանց: Իսկ Աստծուց հարցնո՞ւմ են: Ո՛չ:
Այդ սխալը մի՛ գործիր:
Ավելի լավ է հետևես Դավիթ թագավորի օրինակին: Մնացորդաց առաջին գրքի 14- ում Աստվածաշունչն ասում է, որ Դավիթը պատրաստվում էր մարտնչել փղշտացիների դեմ, որոնք ԲՈԼՈՐՈՎ դուրս էին եկել իր դեմ: Փղշտացիները տարիներ շարունակ Իսրայելի թշնամին էին: Դավիթը կարող էր կռահել, որ Աստված կասեր՝ գնա՛ ու պայքարի՛ր նրանց դեմ: Բայց Նա ոչ մի կռահում չարեց: Դավիթը գնաց Աստծո մոտ և հարցրեց. «Վեր գնա՞մ փղշտացիների վրա: Դու նրանց իմ ձեռքը կմատնե՞ս»: Եվ Տերն ասաց նրան. «Գնա՛, և Ես նրանց քո ձեռքը կմատնեմ»:
Կռահումներից կախվածություն մի՛ ունեցիր: Երբ հանդիպում ես  ինչ-որ դժվարության, փնտրի՛ր Աստծուն Նրա Խոսքի և աղոթքի միջոցով և հարցրո՛ւ, թե որն է լուծումը: Նշանակություն չունի, թե որքան աստվածաշնչյան տողեր անգիր գիտես, նշանակություն չունի՝ որքան լավ ես գիտակցում, թե ով ես դու Հիսուս Քրիստոսում, դու երբեք չես կարող քո ուժերով լուծել այդ խնդիրը:
Գնա՛ Տիրոջ մոտ և հստակ ճշտի՛ր, թե ինչ է Նա ցանկանում, որ դու անես: Հարկավոր չէ, որ գործերդ ծրագրես ու միայն դրանից հետո դիմես Աստծուն, որ օրհնի այն: Գնա՛ Նրա մոտ և ասա՛. «Տե՛ր, որո՞նք են Քո ծրագրերը»:
Նրա ծրագրերն արդեն օրհնված են: Եթե դու հետևես դրանց, քո հաղթանակը երաշխավորված է:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ա Մնացորդաց 14: 8- 17

Հոկտեմբերի 28

Գլորիա Քոփլանդ

Վայելի՛ր հաղթանակը

«Բայց շնորհակալություն Աստծուն, որ տվեց մեզ հաղթություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով»:

Ա Կորնթացիների 15: 57

Հերոսնե՛ր: Ավելին, քան հաղթողներ: Աստվածաշունչը նման բան է ասում մեր մասին: Գիտեմ, որ դու շատ անգամ ես լսել դրա մասին, բայց այսօր ես ցանկանում եմ, որ իրապես ըմբռնես այդ իրականությունը: Ես ցանկանում եմ, որ ժամանակ տրամադրես և խորհես, թե ինչ են նշանակում այս խոսքերն իրականում:
Բառարանում «հաղթանակ» բառը նշանակում է «վերջնական և ամբողջական գերիշխանություն կամ գերակայություն պատերազմում կամ մարտում, հաջողություն ցանկացած մրցույթում կամ պայքարում, որտեղ հակառակորդը պարտվում է, կամ էլ խոչընդոտը հաղթահարվում»:
Հաղթել նշանակում է «լավագույնը լինել մրցույթում կամ պայքարում, տիրել, գերակայել, գերազանցել, ենթարկեցնել, նվաճել, ջախջախել, պարտության մատնել»:
Երբ այս սահմանումները ամուր պահես քո մտքում, կհասկանաս, որ Հիսուսում դու ստացար ավելին, քան երկինք տանող մեկ տոմս: Դու ստացար այս աշխարհում գոյություն ունեցող լավագույն բանը: Նրա միջոցով դու հաղթեցիր աշխարհին, տիրեցիր, ենթարկեցրիր և գերազանցեցիր այն:
Եվ տարօրինակ չէ, որ Կորնթացիների առաջին թղթի 15: 57-ն աղաղակում է. «Շնորհակալությո՛ւն Աստծուն, որ տվեց մեզ հաղթություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով»:
Ինչո՞ւ դու էլ չես աղաղակում: Այսօր շնորհակալությո՛ւն հայտնիր Աստծուն, որ քեզ հաղթող է դարձրել: Փառաբանի՛ր Նրան, որ դու միացել ես Նրան, Ով հաղթել է աշխարհին, մարմնին և սատանային: Գոչի՛ր ալելուիա և վայելի՛ր հաղթանակը:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հռոմեյացիների
8: 29- 39

Հոկտեմբերի 29

Գլորիա Քոփլանդ

Եկ, Տեր Հիսուս

«Սիրելինե՛ր, հիմա Աստծո որդիներ ենք, և տակավին հայտնված չէ, թէ ինչ պիտի լինենք, բայց գիտենք, թե, երբ Նա հայտնվի, Նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք Նրան ինչպես որ Է: Եվ ամենն, ով որ այս հույսն ունի իրենում, սրբում է իր անձը, ինչպես որ Նա սուրբ է»:

Ա Հովհաննեսի 3: 2, 3

Անհուսություն: Մեր դարում այս զգացողությունը ավելի ու ավելի է տարածվում մարդկանց մեջ: Բայց մենք՝ որպես հավատացյալ, երբեք նման զգացողություն չպետք է ունենանք: Որովհետև նշանակություն չունի, թե որքան ճնշումներ են գալիս այս երկրի վրա, նշանակություն չունի, թե որքան խավար իրավիճակներ են շրջապատում մեզ, մենք գիտենք, որ հույս ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերադարձի համար:
Երբեմն մոռանում ենք դա: Մենք մեր ուշադրությունն այնքան ուժեղ ենք կենտրոնացնում այս կյանքի բնական երևույթների վրա, որ կորցնում ենք հույսը և դառնում հուսահատության գերին: Բայց մեզ համար դա անթույլատրելի է:
Մեկ անգամ իմ ընկերներից մեկը Մերձավոր Արևելքում հանդիպել էր նորադարձ մի արաբ կնոջ, որն ասածիս կենդանի ապացույցն է: Մեզանից շատերն անտանելի կհամարեին այն կյանքը, որով այդ կինն ապրում էր: Նա ապրում էր պատերազմական գոտում, որն ամբողջությամբ քայքայված էր բռնությունների հետևանքով: Ամեն օր նա կանգնած էր ռմբակոծության և կրակոցների վտանգի առաջ:
Թվում է, թե այդ արաբ կինը ոչ մի հույս չպետք է ունենար: Նրա երկիրը աչքի առաջ կործանվում էր: Նա պետք է գնար Իսրայել և գումար վաստակեր իր ընտանիքի համար, քանի որ իր բնակավայրում աշխատանք և գումար վաստակելու ոչ մի հնարավորություն չկար: Ամեն բան նրա շուրջը ավելի ու ավելի էր վատանում, բայց նա իմ ընկերոջն ասել էր, որ հույս ունի, քանի որ գիտի Հիսուսը վերադառնալու է իր ետևից: Եվ այդ հույսը նրան ամուր էր պահում:
Ուրեմն, եթե դու անհույս ես, հեռացրո՛ւ քո աչքերը այս աշխարհից և նայի՛ր Հիսուսի մոտալուտ վերադարձին: Դա ոչ միայն կբարձրացնի քո հոգին, Աստվածաշունչն ասում է, նաև կմաքրի քեզ: Այն կստիպի, որ դու արդար կյանքով ապրես, հեռանաս քեզ շրջապատող աշխարհի մեղքից և անհաջողություններից: Այն կտա քեզ Աստծո ուրախությունը և հաղթանակը:
Մտածի՛ր սրա մասին: Երբ այս աշխարհը մոտենա իր ավարտին, ես և դու դեռ ամեն բան նորից պետք է սկսենք: Մենք մուտք կգործենք ամենափառավոր կյանքը, որը վեր է ամեն պատկերացումից: Աշխարհի մարդիկ թախիծով ետ կնայեն և երանի կտան այդ օրերին: Բայց ինձ և քեզ համար լավագույնը դեռ առջևում է: Ուստի մենք կարող ենք նեղությունների մեջ գոչել ալելուիա և ասել այն, ինչ Հովհաննես առաքյալն ասաց. «Եկ, Տեր Հիսուս»: Շուտով եկ ...

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հայտնություն 21, 22: 1- 7

Հոկտեմբերի 30

Քենեթ Քոփլանդ

Դա քո՛ որոշումն է

«Եվ ահա գալիս է ժողովրդապետերից մեկը, անունը Հայրոս: Եվ երբ Նրան տեսավ, ընկավ Նրա ոտները և Նրան շատ աղաչում էր և ասում. «Աղջիկս վախճանվելու մոտ է, գաս, ձեռքդ նրա վրա դնես, որպեսզի ազատվի և ապրի»: Եվ Հիսուսը նրա հետ գնաց»:

Մարկոսի 5: 22- 24

Երբևէ ինքդ քեզ տվե՞լ ես այս հարցը. «Տեսնես Աստված ե՞րբ է մի բան անելու այս խնդիրը լուծելու համար»: Եթե այո, ուրեմն կզարմանաս, երբ իմանաս, որ դրա պատասխանը հարյուր տոկոսով կախված է քեզանից:
Մարկոսի 5 –րդ գլխում մի դեպքի մասին է խոսում, որը ցույց է տալիս, թէ ինչ նկատի ունեմ: Հիսուսը նոր էր դուրս եկել նավակից, և մարդիկ սկսել էին ամեն կողմից շրջապատել Նրան կամ, ինչպես Աստվածաշնչում է ասվում, «նեղում էին» Նրան: Մարդիկ Հիսուսին հրհրելով հասցրել էին ծովեզր, երբ հանկարծ մի մարդ ամբոխի միջից սկսեց մոտենալ Նրան:
Մարկոսն ասում է, որ այդ մարդը իրեն Հիսուսի ոտքերի մոտ գցեց և սկսեց թախանձանքով աղերսել. «Իմ փոքրիկ աղջիկը մահվան շեմին է: Աղաչում եմ Քեզ, ե՛կ և ձեռքդ դի՛ր նրա վրա ... և նա կապրի»:
Մի պահ մտածի՛ր այս իրավիճակի մասին: Այս մարդը ի պաշտոնե քաղաքապետին հավասար դիրք էր զբաղեցնում: Բայց նա այնքան համառորեն էր տրամադրված հասնել Հիսուսին, որ ճեղքեց ամբոխը և բավականաչափ տեղ ազատեց, որպեսզի ընկնի Հիսուսի ոտքերի մոտ: Նա որոշում էր կայացրել և երբ հասավ Հիսուսին, ասաց ինչ որ պետք էր. «ձեռքերդ դի՛ր նրա վրա, և նա կապրի»:
Թույլ տուր մի բան հարցնել քեզ: Քո կարծիքով այս պարագայում ո՞վ էր ղեկավարում Հիսուսի ծառայությունը: Այս մարդը: Մի մարդ, ով որոշում էր կայացրել: Երբ նա բարձրաձայն արտահայտեց իր որոշումը, Հիսուսը ոչինչ չասաց: Նա պարզապես դադարեց անել այն, ինչ անում էր, շրջվեց և հետևեց նրան:
Բառիս բուն իմաստով բազմահազար ամբոխի մեջ մեկ մարդու հավատքի որոշումը սկսեց ուղղորդել Հիսուսի գործողությունները:
Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ եթե նստել և սպասում ես, որ Հիսուսը որոշի բժշկել քեզ, Հիսուսը որոշի օգնել քեզ, Հիսուսը որոշի բարգավաճում կամ հաղթանակ տալ քեզ, ուրեմն երկար պետք է սպասես: Քանի որ դա Հիսուսի որոշումը չպետք է լինի, այլ քոնը:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Մարկոսի 5: 21- 24: 35- 43

Հոկտեմբերի 31

Գլորիա Քոփլանդ

Սուտմեռուկ մի՛ ձևացիր

«Բայց Հովհաննես Մկրտչի օրերից մինչև հիմա երկնքի արքայությունն ուժով է առնվում, և ուժովները հափշտակում են նրան»:

Մատթեոսի 11: 12

Անգլերենի «Ընդլայնված թարգմանությունն» ասում է. «Երկնային թագավորությունում քո բաժինը պետք է վերցնես ջանքով և ուժերը լարելով»:
Ես ցանկանում եմ, որ դու այսօր վայրի դառնաս: Այո՛, վայրի, վճռորոշ, ջերմեռանդ: Ես ցանկանում եմ, որ դու այնպես նվիրվես Աստծո գործերին, որ կարողանաս դիմագրավել դրանք քեզանից խլելու ցանկացած փորձին:
Շատ հավատացյալներ այսօր նման են իսրայելացիներին: Նրանք շրջում են պարտության անապատում, քանի որ Խոստացված երկրում թշնամի կա: Նրանք զրկվում են իրենց լիիրավ ժառանգությունից, քանի որ վախենում են կռվել դրա համար: Նրանք շարունակում են հույսեր փայփայել, որ միգուցե մի ելք գտնեն առանց ուժ գործադրելու: Բայց այդպես չի լինում: Երբ խոսքը գնում է սատանայի և նրա գործակիցների մասին, դու պետք է քո պահանջները դնես:
Երբ Աստված Իսրայելի ժողովրդին ուղարկեց Քանան, Նա ասաց. «Քո առջևից թող զինված մարդիկ գնան»: Նրանք պետք է զինված գնային, որպեսզի պատրաստ լինեին ցանկացած կռվի: Աստված գիտեր, որ այդ հողը վերցնելու համար նրանք պետք է մարտնչեին: Աստված երբեք չէր խոստացել, որ նրանք կվերցնեն այդ հողը առանց կռվի: Բայց խոստացել էր, որ նրանք միշտ կհաղթեն:
Նույնը քեզ է վերաբերում: Դու չես կարող պարզապես պառկել ու սուտմեռուկ ձևացնել, երբ գործ ունես սատանայի հետ: Նա քո կյանքի ոչ մի բնագավառ հենց այնպես՝ առանց պայքարի ձեռքից բաց չի թողնի, լինի դա քո առողջությունը, ֆինանսները կամ մեկ ուրիշ բնագավառ: Նա դրանցից չի հրաժարվի, մինչև դու նրան չստիպես:
Բավական է անապատում նստած մնաս, երբ սատանան քեզանից գողանում է Աստծո օրհնությունները: Դու ունես Աստծո թույլտվությունը, Նրա զորությունն ու Նրա կարողությունը այդ երկիրը վերցնելու համար: Այնքան վայրի դարձիր, որ կարողանաս դրա հարցերը հենց այսօր լուծել:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Երկրորդ օրինաց 31: 1- 8